Շիրակամուտի մանկապարտեզի նախկին տնօրենն ու իր նախկին վերադասները միմյանց մեղադրում են կոռուպցիայի, ապօրինության ու վատ աշխատանքի մեջ։ Սպիտակ համայնքի ղեկավարը երեք օր առաջ է ազատել տնօրեն Մարինե Գալստյանին, որ պնդում է, թե համայնքապետն իր դեմ լարվել է, քանի որ ուղիղ խոսքը մարդկանց ճակատին է ասում՝ իրեն տեսնել չեն ուզում։
«Ինչի ջրերը մեր մի առվով չի գնացել՝ որովհետև ես չեմ կատարել իրանց պահանջները: Ես բարձրաձայնել եմ միշտ խնդիրները ու ես ստացել եմ նկատողություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը:
Սպիտակի համայնքապետարանում զարմանում են՝ մանկապարտեզը վատ ղեկավարած տնօրենը պետք է որ խոսելու տեղ չունենար։ Տնօրենի պաշտոնի համար օրենքի պահանջած հավաստագիր ձեռք չի բերել, մանկապարտեզում թերությունները պահանջված ժամկետներում չի վերացրել, գնումներում էլ շահերի բախում ու լիազորությունների չարաշահում է թույլ տվել, ասում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։
«Ինքը անընդհատ դրդում էր, հրահրում էր, անընդհատ: Ինքը խնդիրներ երբեք չի բարձրաձայնել, խնդիրներ մենք ենք գնացել նկատել, շտկել», - «Ազատությանն» ասաց Ֆրանգյանը:
Ինչո՞ւ թերությունների ու լարված հարաբերությունների մասին միայն գործից ազատվելուց հետո են բարձրաձայնում։ Նախկին տնօրենը թե՝ բաժակը լցվել է, հույսն արդեն լրագրողներն ու դատարանն են։ Հարցերը մարդկայինով լուծելու ձևերը սպառվել են. - «Անարդարությունները ես վերջնականապես պիտի բացահայտեի: Հերիք է, որ դանակը ոսկորին հասնի, ու մարդը խոսի»:
Համայնքապետարանում էլ թե՝ մեկ տարում երկու նկատողություն են տվել տնօրենին, փորձել են կարգի հրավիրել, բայց չի հաջողվել։
«Բոլորին ենք էդպիսի հուշումներ արել, բայց էս մարդը հուշումը հասկանում էր միջամտություն, խանգարել, չգիտեմ ինչ, մեր լիազորությունների չարաշահում: Ընդամենը հուշում ենք արել, որ օրենքով սահմանված նորմատիվների պահպանմամբ արվի իրենց գործունեությունը՝ ընդամենը սա», - նշեց Ֆրանգյանը:
Համայնքապետարանում միայն երեկ են իմացել, որ իրենց ենթակա մանկապարտեզի տնօրենն իր ղեկավարած կառույցում երեխաների համար հաց է գնել իր ամուսնու սեփական փռից, կարտոֆիլը 100 դրամի փոխարեն երեքուկես անգամ թանկ է ձեռք բերել։ Ու կարտոֆիլ արտադրող Սպիտակը թողած՝ 80 կիլոմետր հեռու՝ Ախթալայից է գնել։
«Հարցմանն ի պատասխան՝ ԱՁ-ն իր ամուսինն է, ում հետ համատեղ ապրում են: Հետևաբար՝ սա այլ բան չէ, քան համայնքի բյուջեի միջոցները սեփական կարիքների համար օգտագործելը», - ասաց համայնքապետարանի պաշտոնյան:
Տարիներ շարունակ մանկապարտեզի համար նույն գնումներն արել է, երեխաներին երեք տարի իր ամուսնու արտադրած տաք հացով կերակրել, համայնքապետարանում տեսել են ու չեն առարկել, նույն կարտոֆիլը Ախթալայից Սպիտակի այլ մանկապարտեզներն էլ են գնել, ինչո՞ւ հանկարծ համայնքապետարանում որոշեցին, որ դա հանցանք է, հակադարձում է նախկին տնօրենն ու թե՝ ուզում են իրեն լռեցնել, չի լռի։
«Ես էդքանով չեմ վերջացնի, ես անպայման դատական կարգով իմ հարցերը կլուծեմ», - հայտարարեց Գալստյանը:
Մարինե Գալստյանը համարում է, որ համայնքապետարանի աշխատակազմն իր դեմ երկու տարի առաջ է լարվել, երբ մերժել է վերադասի պահանջն ու մանկապարտեզում բացված դայակի նոր հաստիքում չի նշանակել նրանց ցանկացած անձին. - «Ո՞վ էին իրենք, որ ինձ պարտադրեին»:
Սպիտակի համայնքապետարանում սա էլ հերյուրանք են համարում. - «Նման բան չի եղել, ձեզ հավաստիացնում եմ՝ ոչ միայն էս հաստիքում, այլ ընդհանրապես բոլոր հաստիքներում նշանակում կատարել է ինքը անձամբ՝ իր որոշմամբ, իր ընտրությամբ», - նշեց Ֆրանգյանը:
1988-ի երկրաշարժից հետո կառուցված Շիրակամուտի այս մանկապարտեզ 30 երեխա է հաճախում։ Շենքի մի մասն է միայն գործածվում, մյուս` ավելի մեծ հատվածն անբարեկարգ է, լքված։ Վերջին կես տարում մանկապարտեզի խոհանոցն ու սանհանգույցը վերանորոգել են։ Նախկին տնօրենն այս կարևոր գործը՝ խոհանոցի կահույքից մինչև կախիչների որակ, իրեն է վերագրում, համայնքապետարանը՝ իրեն։ Չարածի համար երկու կողմում էլ ձեռքերը լվանում են՝ մեղք չունեն։
«Գնացել ենք կախիչը տեսել ենք՝ մի կախիչ սովորական 7-տեղանոց, որի վրա 30 սրբիչ է կախված: Անձամբ տեսել եմ ու ասում եմ՝ «հնարավոր չի՞ երեք կախիչ կախեք, որ մեկական սրբիչներ կախվեն», - ասաց Ֆրանգյանը:
«Որակյալն եմ կախել, հիմի էլ ինձանից են բողոքում՝ «ինչի՞ չես անորակը կախել, անորակը կախեիր»: Պարոն Փաշինյան, ես էլ կախել եմ որակյալը՝ ինձ գործից հանում են», - պնդեց Գալստյանը:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ասում է՝ նախկին տնօրենին 10 տարի զբաղեցրած պաշտոնից ազատելու պատճառը անգամ նրա երկու նկատողությունները չեն եղել, այլ օրենքի նոր պահանջը, որով մինչև այս տարվա հունիսի 1-ը անժամկետ պայմանագրով աշխատող բոլոր տնօրենները պետք է մրցույթի համար հավաստագիր ունենային։ Սպիտակ համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրենները ստացել են, Մարինե Գալստյանը՝ ոչ։
Գալստյանն ասում է՝ արդեն դիմել է, գրանցվել, քննության է պատրաստվում, կհանձնի ու կպայքարի իր նախկին պաշտոնի համար։
Չնայած բազմաթիվ դժգոհություններին ու լարվածությանը, Սպիտակի համայնքապետարանում ասում են՝ դեմ չեն, թող մասնակցի տնօրենի պաշտոնի առաջիկա մրցույթին։ Հաղթի՝ կնշանակեն իր նախկին պաշտոնին։ Իսկ մինչ այդ ազատված տնօրենի նախկին ենթակային՝ դաստիարակին են լիազորել կատարել տնօրենի պարտականությունները։