3-ամյա երեխան Չարենցավանի իրենց տան պատուհանը բացել ու վայր է ընկել, Արարատում տան երկրորդ հարկի պատուհանի ցանցին հենվել ու ցած է ընկել մեկ տարեկան փոքրիկ, Երևանում երկրորդ հարկից 8-ամյա երեխա է ցած ընկել, երկու օր առաջ էլ 11-ամյա տղա 5-րդ հարկից ընկավ բակում կայանած մեքենայի վրա։ Սրանք բարձրությունից վայր ընկնելու այս տարվա ողբերգական դեպքերի չնչին մասն են միայն:
«Վերջին շաբաթվա ընթացքում մոտավորապես 3-4 դեպք ենք ունեցել բարձրությունից ընկած, կատատրավմաների արդյունքում տուժած բալիկներ, հիմնականում 2, 3, 4 տարեկան սահմաններում են, այն բալիկները, որոնք ակտիվ են, ինքնուրույն տեղաշարժվում են», - ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Սիմոնյանը:
Հիմնականում «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն են հասնում վայր ընկած ու ծանր վնասվածքներ ստացած երեխաները։ Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Լևոն Սիմոնյանը նկատում է՝ ամռանը դեպքերի թիվն ավելանում է՝ երեխաները դպրոց, մանկապարտեզ չեն գնում, պատուհանները բաց են։
«Բերքահավաքի շրջանում, երբ երեխաները բարձրանում են ծառից պտուղներ հավաքելու, ծառից ընկնելու հավանականությունն էլ այս սեզոնին ավելի մեծ է լինում», - ասաց Սիմոնյանը:
Մահվան դեպք, բարեբախտաբար, այս ամառվա ընթացքում չի գրանցվել։ 11-ամյա երեխան նյարդավիրաբուժական բաժանմունքում է, արարատցի մեկուկես տարեկան փոքրիկն արդեն գիտակցություն ունի։ Բժիշկ Սիմոնյանի խոսքով՝ գանգուղեղային վնասվածք ստացած երեխաների վիճակն է ծանր լինում և հաճախ նրանց կյանքը փրկել չի հաջողվում, այս բաժանմունքը նույնիսկ 9-րդ հարկից բակ ընկած փոքրիկների է տեսել:
«Բնականաբար շատ է, և մենք շատ մտահոգված ենք», - նշեց Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը:
Միայն անցյալ տարի 613 երեխա է բարձրությունից վայր ընկել։ Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետն ասում է՝ այս տարվա վերլուծություն դեռ չկա։ Գերատեսչությունը երեխաների վնասվածքների համաճարակաբանական հսկողության համակարգ ունի, որով հաշվում են, թե քանիսը, որ տարիքային խմբում բարձրությունից ընկել են, այրվածք են ստացել, վթարի հետևանքնով են վնասվածք ստացել, ընկել են ուղղակի։
Նույնիսկ եթե պատուհանին ճաղավանդակ կա, չի փոխարինի ծնողի ուշադրությանը։ Հանրային առողջության մասնագետը ցավալի է համարում այն, որ հաճախ ծնողը աչքը երեխայից թեքում է ժամանակակից տեխնոլոգիաների, օրինակ, հեռախոսի պատճառով:
«Այսօրվա մեր ծնողները չափից դուրս շատ են ժամանակ տրամադրում տեղեկատվական տեխնոլոգիաներին», - ընդգծեց Գաբրիելյանը:
Այժմ ուսումնական ձեռնարկներ են պատրաստում ծնողների համար. այդտեղ վնասվածքների տեսակներն են, դրանք կանխարգելելու ձևերը, նաև երեխաների տարիքային առանձնահատկությունները։ Կարինե Գաբրիելյանը հույս ունի՝ կրթելով է հնարավոր կասեցնել վայր ընկնող փոքրիկների ընթացքը, ընդ որում, կրթելով ոչ միայն ծնողներին: