Լոնդոնում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Օքսֆորդշիրում գտնվող Բլենհեյմ պալատ ժամանելիս, լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Հայաստանի վարչապետը չի պատասխանել, Ադրբեջանի նախագահն էլ բութ մատն է վերև պարզել։
Բլենհեյմ պալատում է նաև Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ում նախաձեռնությամբ էլ նախորդ գագաթնաժողովների շրջանակներում երկու անգամ հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը։
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը երեկ փոխանցեց, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում։
Ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ պաշտոնական Ադրբեջանը դեռ չեն հաստատել տեղեկությունը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։
Խորհուրդն արդեն երեք հանդիպում է անցկացրել։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Իսկ անցած տարի հոկտեմբերին Գրանադայի հանդիպումը Ալիևը բոյկոտեց։ Այդ օրը կայացավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ Փաշինյանը ժամանել է Լոնդոն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Լոնդոնում է, կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին