Հուլիսի 13-ին (Հայաստանում՝ արդեն հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում՝ Բաթլեր ավանում նախկին հանրապետական նախագահ և 2024 թվականի նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել:
Գաղտնի ծառայության գործակալները Դոնալդ Թրամփին դուրս են հանել բեմից, տեսագրությունից երևում է, որ Թրամփի աջ ականջի և այտի շրջանում արյուն է:
Թիկնապահները Թրամփին հասցրել են բեմի մոտ կայանված մեքենա: Այդ ընթացքում նա մի քանի անգամ բարձրացրել է աջ ձեռքը և թափահարել է բռունցքը, ցույց տալով, որ ահաբեկված չէ և մարտական է տրամադրված, նա նաև ինչ-որ բան է վանկարկել:
Քիչ անց բեմ են բարձրացել զինված ոստիկաններ և գաղտնի ծառայության գործակալներ:
Հաղորդվում է, որ ենթադրյալ հանցագործը սպանվել է, զոհվել է նաև նախընտրական հավաքի մասնակիցներից մեկը, ևս մեկը ծանր վիճակում է:
Թրամփին փոխադրել են տեղական հիվանդանոց, որտեղ նա բուժօգնություն է ստացել: Ըստ անվտանգության ծառայության, Թրամփը «լավ վիճակում է»:
Հանրապետական լիդերն ավելի ուշ շնորհակալություն է հայտնել իր թիկնապահններին և աջակիցներին:
Հուլիսի 15-ից 18-ը Միլուոքիում (Վիսքոնսինի նահանգ) գումարվելու է հանրապետականների ազգային համագումաերը, որը Թրամփին ի պաշտոնե պետք է հաստատի ԱՄՆ նախագահության թեկնածու: