Փաուեր. Եռակողմ հանդիպմանը Բլինքենի ուղերձն է լինելու՝ կողմերը շատ մեծ, անհավանական ճանապարհ են անցել և մոտ են խաղաղությանը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուեր, արխիվ

Մի քանի ժամից Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետևյալ ուղերձն է հաղորդելու՝ «կողմերն այսքան մոտ են, կողմերը շատ մեծ, անհավանական ճանապարհ են անցել, եթե մտածենք, թե ինչ կետի վրա էին անգամ մեկ տարի առաջ, և այդ խաղաղության համաձայնագիրը ինչ հնարավորություններ կբացի երկու երկրների ժողովուրդների համար»: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ այսօր Երևանում ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցին:

Նա ընդգծեց, որ «դա իսկապես բավական լուրջ հնարավորություններ են՝ կապակցվածության, տրանսպորտի օգուտները, և ի վերջո առանձին ընտանիքների համար ավելի շահեկան կլինի՝ կենսապահովման հնարավորություններ, աշխատանքային հնարավորություններ, տնտեսական աճի ավելացում»:

«Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ շատ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առևտուր ունենալ, սահմանները բացվեն ապրանքների համար, և մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել, դա կլինի զգալի դրական տեղաշարժ, որը մեծ նոր հնարավորություններ կբերի իր հետ», - ընդգծեց Փաուերը:

Այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարն ասել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարևորում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է հետևողականորեն աջակցություն ցուցաբերելու ՀՀ Կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման, զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ, ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ ակնկալել Միրզոյան- Բայրամով-Բլինքեն հանդիպումից. փորձագետի համոզմամբ՝ սեղանին ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջն էՎաշինգտոնում այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումՍամանթա Փաուերը ժամանել է Երևան