«Վերջին տարիներն անտանելի էին, բայց արվեստը թույլ է տալիս արտահայտել այդ զգացմունքները». Ատոմ Էգոյան

Հուզմունքը զսպելով, ընկերական համբույրով կանադահայ ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր Ատոմ Էգոյանն ընդունեց «Փարաջանովյան թալերը»։

1976 թվականին Սերգեյ Փարաջանովը բանտախցում շշերի կափարիչների վրա եղունգով փորագրել էր դրամներ և անվանել դրանք «թալեր»։ Ավանդույթի համաձայն «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում արդեն արծաթե ձուլվածք ստացած թալերը տրվում է համաշխարհային կինոյում նշանակալից վաստակի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փարաջանովյան թալեր»՝ Ատոմ Էգոյանին, Քևին Սփեյսիին. Երևանում բացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

21-րդ «Ոսկե Ծիրան»-ն այս տարի մեկնարկեց հենց Էգոյանի վերջին՝ 2023-ին էկրան բարձրացած «Յոթ Քող» ֆիլմով։ Սալոմեի կերպարը Շտրաուսի հնչյուններով, Օսկար Ուայլդի բառերով ու Էգոյանի տրամադրությամբ... կանադահայ ռեժիսորն այսպես արտահայտել է նաև իր անթաքույց սերը թատրոնին։

«Իմ գործն էր վերցնել այս գլուխգործոցը և դիտել այն մեր այսօրվա հասարակության խնդիրների լույսի ներքո», - նշեց նա։

Փառատոնի շրջանակում կցուցադրվի Էգոյանի դեռ 22 տարի առաջ նկարած «Արարատ» ֆիլմը ևս, որտեղ գլխավոր դերակատարը հայազգի մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրն է։ Այս թեման արդեն շատ հայկական է՝ Հայոց ցեղասպանության հետևանքները, արվեստի միջոցով աշխարհին ներկայացնել մի պատմություն, ինչպես հենց Էդգոյանն էր ժամանակին ասել՝ մի ճշմարտություն, որ դառնա վերլուծության առարկա նաև։

Արդեն «Ազատության» հետ զրույցում Կաննի փառատոնի եռակի մրցանակակիրը շարունակեց պնդել՝ դժվար ժամանակները, երկրիդ թե՛ երեկվա, թե՛ այսօրվա ցավն արտիստին ստիպում են անընդմեջ մտածել, խորհել, արարել...

«Ու ոչ թե աշխարհին ցույց տալու համար, այլ ինքդ քեզ համար, որ հասկանաս, պարզես՝ ինչ է իրականում կատարվում շուրջդ։ Ախր մենք այսպիսի արտահայտություն ունենք, չէ՞, «ցավդ տանեմ»։ Սա պարզապես բառ չէ, սա մեր հոգին է։ Ցավդ տանեմ, մենք մաշկույթ ենք այսպես փոխանցում, մեր էմոցիան, սա մեր ինքնության կարևորագույն մասն է», - ասաց Ատոմ Էգոյանը:

Վերջին տարիները հատկապես Հայաստանի համար ծանրագույն ժամանակներ են, շարունակեց Էգոյանն՝ ավելացնելով՝ այդուհանդերձ հրաշալի է, որ կան մարդիկ, որ ամեն կերպ փորձում են պահպանել այնպիսի լավ բաներ, ինչպիսին, օրինակ, այս փառատոնն է։

«Եվ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է արվեստը, այս միջոցառումը։ Սա հրաշալի շենք է, ես այստեղ երբևէ չեմ եղել։ Նաև ես երիտասարդ ռեժիսորների ֆիլմերն էին նայում, շատ տպավորիչ են, մեծ մասը հենց դժվարին տարիների մասին է։ Վերջին տարիներն անտանելի էին, բայց արվեստը թույլ է տալիս մեզ արտահայտել այդ զգացմունքները։ Պատմականորեն մենք միշտ սրա միջով անցել ենք, անցնում ենք ու արարել ենք», - ընդգծեց կանադահայ ռեժիսորը:

Փառատոնի շրջանակում ոչ միայն մեծ արտիստների ֆիլմերը դիտելու, այլ նաև նրանց հետ հանդիպելու, հարցեր ուղղելու հնարավորություն կա։ Էգոյանի հետ հանդիպումն այսօր է։

«Ես այստեղ եմ սովորելու համար»

Վաղը սպասվում է կրկնակի օսկարակիր, սկանդալային պատմությունների, մասնավորապես, սեռական ոտնձգությունների մեղադրանքի կիզակետում հայտնված Քևին Սփեյսիի հետ հանդիպումը։ Մեծ աստղի այցը կրքեր է բորբոքել Երևանում. իր սրահում չեղարկեց հանդիպումը Ամերիկյան համալսարանը, Կանանց ռեսուրսային կենտրոնն էլ վաղը պիկետ է պատրաստվում անել հանդիպմանը զուգահեռ։ Ի դեպ, և՛ Նյու Յորքի, և՛ Մեծ Բրիտանիայի դատարանները արդարացրել են Սփեյսիին։

«Փարաջանովյան թալեր»-ի արժանացած կրկնակի օսկարակիրն «Ազատության» հետ զրույցում երեկ հրաժարվեց խոսել սկանդալի թեմայով, կարճ զրույցում միայն փառատոնին անդրադարձավ։

«Դե, ես այստեղ եմ սովորելու համար։ Կարծում եմ՝ նման կինոփառատոնները շատ կարևոր են, որովհետև մի հարկի տակ են հավաքում մեզ, ու մենք հավաքվում ենք պատմություններ պատմելու, իրարից սովորելու, իրար ոգևորելու համար», - նշել է Սփեյսին:

«Արվեստը քաղաքական խնդիրների մարդկային դեմքն է ցույց տալիս»

Մեկ այլ կրկնակի օսկարակիր, բրիտանական կինոակադեմիայի Բաֆտայի դափնեկիր Ալեքսանդր Փեյնին արդեն 10 տարի է սպասում են Հայաստանում, ասաց՝ ի վերջո, հասավ։

Հունական արմատներով ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող Փեյնը, որ տեղյակ էր Հայաստանում ծավալվող քաղաքական իրադարձություններից, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ արվեստը քաղաքական խնդիրների մարդկային դեմքն է ցույց տալիս։

«Ինչ-որ տեղ արվեստագետի պարտքն է ցույց տալ՝ ինչ է կատարվում հանրությունում։ Մի բան, որ քո սրտին դիպչում է՝ որևէ սոցիալ, քաղաքական խնդիր։ Դժվար է, եթե ակնկալես, որ արվեստագետի արածը ինչ-որ բան կփոխի։ Բայց ինչն էլ ավելի կարևոր է, որ ապագա սերունդը փաստեր տեսնի, վերաբերմունք տեսնի այդ խնդիրների նկատմամբ, վերլուծություններ անի։ Արվեստը պետք է ցույց տա քաղաքական խնդրի մարդկային դեմքը», - նշեց կինոռեժիսորը։

Ալեքսանդր Փեյնի ֆիլմերը ևս ցուցադրվելու են Հայաստանում, իսկ ինքը՝ մեծ արտիստն ասաց, որ ցանկանում է ծանոթանալ ժամանակակից հայ արվեստագետների հետ։

«Հայաստանից շատ բան չգիտեմ։ Իհարկե, Ռուբեն Մամուլյանին գիտեմ, Ատոմ Էգոյանին, Փարաջանովին, բայց հույս ունեմ ժամանակից հայ կինոռեժիսորների հետ ծանոթանալ», - ասաց Փեյնը։

Մինչև շաբաթվա վերջ կինոտոնը կշարունակվի։ Մրցութային ֆիլմերից բացի Ալեքսանդ Փեյնի, Ջաֆար Փանահիի, Քևին Սփեյիի ֆիլմերը կցուցադրվեն։ Տարին փարաջանովյան և ազնավուրյան է, հատուկ անդրադարձ կլինի այս երկու մեծ արտիստներին։