Մասուդ Փեզեշքիանը հաղթել է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլով

Մասուդ Պեզեշկյանը

Բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշքիանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլով հաղթել է՝ դառնալով Իրանի 9-րդ նախագահը:

Իրանական ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ընդհանուր հաշվարկված 30 միլիոն 530 հազար 157 ձայներից Փեզեշքիանը հավաքել է 16 միլիոն 384 հազար 403 ձայն, իսկ միջուկային հարցերով նախկին բանակցող Սաիդ Ջալիլին` 13 միլիոն 538 հազար 179 ձայն։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 49,8 տոկոս: 69-ամյա

Փեզեշքիանը վերջին 16 տարիներին Իրանի խորհրդարանում ներկայացնում էր Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանական փոքրամասնությունը։ Նա ծնվել է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Մահաբադ քաղաքում, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը. Փեզեքշիանի մայրը քուրդ է, հայրը՝ էթնիկ ազերի։ Ինքը՝ քաղաքական գործիչը տիրապետում է և՛ քրդերենին, և՛ ադրբեջաներենին։

Չնայած ավելի քան 20 տարվա քաղաքական գործունեությանը՝ Փեզեշքիանը չի առերեսվել կոռուպցիոն մեղադրանքների հետ, քաղաքական որևէ սկանդալում չի հայտնվել։ Մասնագիտությամբ կարդիովիրաբույժ Փեզեշքիանը մի քանի տարի զբաղեցրել է նաև Իրանի առողջապահության նախարարի պաշտոնը:

Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել աջակիցներին, ովքեր ընտրատեղամաս էին ներկայացել քվեարկելու «սիրով և օգնելու» երկրին, հայտնում է AFP-ն։

«Բարեկամության ձեռք ենք մեկնելու բոլորին. մենք բոլորս այս երկրի քաղաքացիներ ենք, մենք պետք է ներգրավենք յուրաքանչյուրին երկրի առաջընթացի համար», - հայտարարել է նա։

Փեզեշքիանի նախընտրական գլխավոր խոստումներից մեկը դարձավ իրանցի կանանց հիջաբ կրելու կանոններին հետևող տխրահռչակ ուժային կառույցի՝ բարոյականության ոստիկանության գործունեության վերանայումը։

Բարեփոխական ճամբարի ներկայացուցչի դիրքորոշումը տարբերվում է նաև արտաքին հարցերում՝ նա խոստացել է վերջ դնել Իրանի «մեկուսացմանը», կարևորելով Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումը։

Չնայած Փեզեքշիանի քննադատությանը Թեհրանի որոշ կոշտ պահպանողական որոշումների և քաղաքականության հարցում, նա միաժամանակ մշտապես ընդգծում է իր աջակցությունը Իսլամական Հանրապետության սկզբունքներին և խոստանում ընտրվելու դեպքում չշեղվել կրոնական իշխանության սահմանած «կարմիր գծերից»։

Հունիսի 28-ին Իրանում տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ՝ չորս թեկնածուների մասնակցությամբ։ Առաջին փուլի արդյունքներով պայքարից դուրս են մնացել երկու թեկնածուները՝ խորհրդարանի պահպանողական խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու արդարադատության և ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամադը: Բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշքիանը հավաքել էին 42,5 տոկոս ձայն, իսկ միջուկային հարցերով նախկին բանակցող Սայիդ Ջալիլին՝ 38,6 տոկոս:

Արտահերթ ընտրությունները նշանակվել են նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Նա զոհվել է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: