«Գորշ գայլերի» արյունոտ երանգները. ինչով է հայտնի թուրքական այս կազմակերպությունը

«Գորշ գայլերի» ժեստը MHP ցույցի ժամանակ, արխիվ

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Դեմիրալի՝ ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը ոչ միայն, ըստ Bild-ի, ֆուտբոլիստին 2 խաղով որակազրկելու պատճառ կդառնա, այլև սրեց դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի և Թուրքիայի միջև: «Ազատություն»-ը կարճ պատմում է՝ ինչ է այդ շարժման հիմքում ու ինչով է այն աչքի ընկել:

Կարճ ամփոփում

«Գորշ գայլերը» կամ «Բոզգուրդը» Էրդողանի «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժման» ստվերային, ուժային թևն է համարվում: Երկու կազմակերպությունն էլ նույն մարդն է հիմնադրել: Գաղափարախոսությունը՝ պանթուրքիզմ, ծայրահեղ ազգայնականություն: Աչքի են ընկել հայերի, քրդերի, հույների և Թուրքիայի այլ փոքրամասնությունների ու ձախական շարժումների դեմ բախումներով, արյունոտ ակցիաներով ու մի շարք աղմկոտ ահաբեկչություններով, այդ թվում՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ մահափորձը 1981-ին: Արգելված են Ավստրիայում, Ֆրանսիայում, Ղազախստանում:

Շարժման հիմնադրումը

Պանթուրանյան գաղափարախոսությամբ շարժումը ստեղծել է ներկայումս էլ գործող «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր, թուրքական բանակի գնդապետ Ալփարսլան Թյուրքեշը 1966 թվականին: Մինչ այդ նա դարձել էր Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին՝ «մայիսի 27-ի հեղաշրջման» կազմակերպիչներից մեկը, որի հետևանքով վարչապետ Ադնան Մենդերեսը ու կառավարության մի քանի այլ անդամ կախաղան բարձրացվեցին: Թյուրքեշը երկարամյա քաղաքական կարիերա է ունեցել՝ մի քանի տարի զբաղեցնելով անգամ փոխվարչապետի պաշտոնը:

Ինչո՞ւ գայլ

Գայլը կենտրոնական նշանակություն ունի թուրքական էթնոսների դիցաբանությունում: Լեգենդներից մեկի (ու ոչ միակի) համաձայն, էգ գայլը փրկում է թուրք տղային՝ կերակրելով նրան սեփական կաթով, իսկ այնուհետև հղիանում տղայից: Ծնված երեխան, որը կիսամարդ-կիսագայլ էր, դառնում է Միջին Ասիայում 6-8-րդ դարում բնակված գոքթուրքերի առաջնորդ-կլանի հիմնադիրը: Թյուրքեշը գայլի գլխի ուրվագիծ հիշեցնող այդ ժեստը ժամանակակից Թուրքիայում հանրայնացնողներից մեկն էր:

Թուրքիա - «Ազգային շարժում» կուսակցության անդամները «Գորշ գայլերի» նշանն են ցույց տալիս համագումարի ժամանակ, ֆոնին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի դիմանկարները, արխիվ

Այսօր նույն ժեստը ցույց են տալիս նաև Էրդողանն ու Թուրքիայի այլ պաշտոնյաներ:

Թուրքիա - Ռեջեփ Էրդողանի կողմնակիցը՝ նրա դիմանկարով թիկնոցով, «Գորշ գայերի» նշանը ցույց տալով տոնում է գործող նախագահի հաղթանակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, Անկարա, 29-ը մայիսի, 2023թ.

Արտգործնախարար Չավուշօղլուն, օրինակ, Ուրուգվայում 2022-ին ապրիլի 24-ին դրանով էր հակադարձել հայ ցուցարարներին:

Արյուն և բախումներ՝ Թուրքիայի ներսում…

70-ականներին ու 80-ականներին Թուրքիայում ներպետական բռնության խոշոր ալիք անցավ: «Գորշ գայլերն», ի թիվս այլ ազգայնական շարժումների, մասնակցել են քրդերի, ալևիների, ձախական ուժերի դեմ բռնություններին: Ամենաարյունալի դեպքերից են 1977 թվականին մայիսմեկյան բախումները (ավելի քան 40 զոհ), 1978-ին Մարաշի հարձակումներն ալևիների ու քրդերի դեմ (մինչև 180 զոհ):

Պայքար հայերի դեմ Եվրոպայում

70-ականներին մեծ թափ առնելուց հետո շարժումը 1980-ին բախվեց հակազդեցության՝ Թուրքիայում տեղի ունեցած հերթական հեղաշրջումից հետո: Նոր իշխանությունները պայքար են սկսում թե՛ ձախ, թե՛ աջ ծայրահեղականների դեմ, Թյուրքեշն անգամ բանտարկվում է: Սակայն նրանց «փառքը» չի մարում: «Գորշ գայլերի» անդամներից Աբդուլա Չաթլըն, ով արդեն պատասխանատու էր մի քանի ձախ ակտիվիստի սպանության համար, բանտարկվել էր Շվեյցարիայում՝ թմրանյութերի շրջանառության մեղադրանքով: Ազատվելուց հետո նա դառնում է «Գորշ գայլերի» առաջնորդը, ինչպես նաև հավաքագրվում թուրքական հետախուզության՝ MIT-ի կողմից որպես վարձու մարդասպան՝ թե ԱՍԱԼԱ-ի մարտիկների, թե՛ սովորական հայերի ու Քրդական աշխատավորական կուսակցության անդամների դեմ: Չաթլըին կապում էին 1984-ին Ալֆորվիլում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի պայթեցման հետ: Թուրք ազգայնականը հայտարարում էր, որ պատասխանատու է լրագրող Արա Թորանյանի դեմ մահափորձի ու ԱՍԱԼԱ-ի հրամանատար Հակոբ Հակոբյանի սպանության համար, սակայն դրա հստակ ապացույցներ չկան: Չաթլըն մահացավ 1996-ին վթարից. մեքենայում էին Ստամբուլի փոխոստիկանապետն ու Մեջլիսի պատգամավորներից մեկը, ինչն էլ բացահայտեց Թուրքիայի կառավարության ստվերային համագործակցությունը Ինտերպոլի կողմից հետախուզվող, սպանությունների մեջ մեղադրվող ծանր հանցագործի հետ:

Մահափորձ Պապի դեմ

1981-ին տեղի ունեցավ «Գորշ գայլերի» թերևս ամենահայտնի գործողությունը: Կազմակերպության անդամ Մեհմեթ Ալի Աղջան մահափորձ կատարեց Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ։ Հանցագործության կազմակերպմանն օգնում էր վերը հիշատակված Չաթլըն: Մահափորձը, սակայն, չստացվեց. Պապը վիրավորվեց, բայց ողջ մնաց: Բանտում երկու տարի անցկացնելուց հետո Աղջան խնդրեց հանդիպում Պապի հետ, ինչը տեղի ունեցավ 1983 թվականին։ Հանդիպման ժամանակ Աղջան զղջաց ու ներում ստացավ Պապից։

Իտալիա - Հովհաննես Պողոս Բ Պապի և Մեհմեդ Ալի Աղջայի հանդիպումը, Հռոմ, 27-ը դեկտեմբերի, 1983թ.

Ով, երբ և ինչպես է արգելել շարժումը

2019-ին Ավստրիայում արգելեցին ցուցադրել «Գորշ գայլերի», նաև՝ Քրդական աշխատավորական կուսակցության ու թուրք մարքսիստների խորհրդանիշները: 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, թուրք ազգայնականները Ֆրանսիայում մի քանի հարձակում կազմակերպեցին հայերի վրա ու երթով անցան Լիոնի փողոցներով, ինչից հետո Ֆրանսիան ևս արգելեց կազմակերպությունը: «Գորշ գայլերը» նաև մահմեդական և թյուրքական Ղազախստանում է արգելված: Գերմանիայում, որտեղ տեղի ունեցավ վերջին սկանդալը, նրանք սև ցուցակում չեն, սակայն տեղի իրավապահների վերահսկման տակ են:

Շարժումն Ադրբեջանում

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, «Գորշ գայլերի» հիմնադիր Թյուրքեշն այցելել էր Բաքու: Կարճ ժամանակ անց Ադրբեջան է տեղափոխվել «Բոզգուրդների» մի քանի հարյուր անդամ. Թովուզում նրանք, տեղի ոստիկան Նովրուզ Հասանովի վկայությամբ, 500-հոգանոց ջոկատ են հավաքել, որը ոչ միայն կռվում էր հայերի դեմ, այլև զբաղվում ադրբեջանցիների մարտական պատրաստությամբ: Շարժումը նաև քաղաքական հենք ստացավ, երբ 1992-93 թվականներին ներքին գործերի նախարար Իսկանդեր Համիդովը հիմնադրեց «Բոզգուրդ» անունով կուսակցությունը: Ի դեպ, նրա պաշտոնավարման օրոք, ըստ HRW, «Բոզգուրդը» հրապարակել էր այն հայերի հասցեները, որոնք պատերազմի ժամանակ շարունակում էին ապրել Ադրբեջանում՝ դարձնելով նրանց ազգայնականների թիրախ:

1995-ին Թովուզում ու Ղազախում ապստամբում է ադրբեջանական ՕՊՕՆ-ը, որի անմիջական հրամանատարը ժամանակին Համիդովն էր եղել: Ապստամբությունը ճնշվում է, «Բոզգուրդն»՝ արգելվում, Համիդովն էլ բանտ նետվում: Ազատվելուց հետո նա հիմնադրել է Ազգային-ժողովրդական կուսակցությունը՝ նույն, պանթուրքիստական գաղափարախոսությամբ:

Ներկան

Թուրք զինվորները չեն խորշում ժեստը ցույց տալուց

Թուրք ազգայնականները շարունակում են ակտիվ գործել երկրում, ուր նրանց «ավագ եղբայր» MHP-ն Էրդողանի կուսակցության կոալիցիոն դաշնակիցն է: Ակտիվ են նաև Արևմուտքում, ուր գործում են տարատեսակ մշակութային կազմակերպությունների հովանու ներքո ու հաճախ բախումների մեջ մտնում հայերի, քրդերի կամ ալևիների հետ: Իսկ Սիրիայում պատերազմի ֆոնին նրանց համար նաև ռազմական ճակատ բացվեց, վերջին տարիներին նրանք ակտիվորեն մասնակցում էին նախագահ Ասադի ու քրդերի դեմ մարտական գործողություններին: Ամենահայտնի դրվագներից մեկը 2015-ին էր, երբ թուրքական Քեբանի քաղաքապետի որդին՝ Ալփարսլան Չելիքը, գնդակահարեց ռուս օդաչու Օլեգ Պեշկովին, որի օդանավը Սիրիայի երկնքում խոցել էին թուրքական F-16-երը:

Թուրքամետ ուժերի մարտիկը Սիրիայում՝ «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալիս