«Ոսկե ծիրան»-ը դեռ չմեկնարկած՝ արդեն իսկ սկանդալ է հասունացել հայկական կինոփառատոնի շուրջ։
Կրկնակի օսկարակիր, մի շարք պատվավոր մրցանակների դափնեկիր Քևին Սփեյսին, ում անունը վերջին տարիներին ուղեկցվում է սեռական ոտնձգությունների մասին պատմություններով ու մեղադրանքներով, «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է։ Լուրը Հայաստանում կրքեր բորբոքեց։
Փառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառումով, այսօր էլ «Ազատության» հարցին պատասխանելով բացատրեց՝ հարգում է բոլոր քննադատությունները, ինքն էլ է դատապարտում բռնությունը, սակայն այս պատմության մեջ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։
«Տուրքը տրվում է ոչ թե իր մարդ տեսակին, ինչպես և չի տրվում ոչ մի ուրիշի մարդ տեսակին, այլ իր մասնագիտական գործունեությանը», - ընդգծեց Ավետիսյանը:
«Կանանց ռեսուրային կենտրոնի» համահիմնադիր Լարա Ահարոնյանը օրերս Ժողովրդավարության հայկական ֆորումում կարծիք հայտնեց, թե Սփեյսիին հրավիրելով՝ քաջալերում ենք բռնարարներին մի երկրում, որտեղ այդ խնդիրն առանց այն էլ բավականին ցավոտ է։
«Ի՞նչ մեսիջ ենք տալիս՝ մենք տալիս ենք մեր հասարակությանը այդ մեսիջը, որ սեռական բռնությունը այդքան կարևոր խնդիր չի, երբ որ արվեստի խոսքն է գալիս, այսինքն՝ մարդը լավ դերասան է, իրեն պիտի ընդունենք ինչպես որ է, նույնիսկ եթե ինքը բռնարար է, այսպես ասած», - ասում է Ահարոնյանը:
Սփեյսիին հրավիրող Ավետիսյանն էլ դատական գործընթացներն է հիշեցնում. - «Անկախ մեր և ձեր և ցանկացածի վերաբերմունքից կամ կանխազգացողությունից կամ անձնական վերլուծություններից՝ մենք շատ ուշադիր և հետևողական սպասել ենք, որպեսզի և՛ Նյու Յորքի Միացյալ Նահանգների և Լոնդոնի Միացյալ Թագավորության բարձրագույն դատական ատյանները կայացնեն իրենց որոշումը, որոնք չեն եղել երկակի, այսինքն՝ եղել է հստակ դատավճիռ արդարացման»:
«Դեյվիդ Գեյլի կյանքը», «Ամերիկյան գեղեցկություն», «Յոթ» և այլ հայտնի ֆիլմերի հերոսի շուրջ աղմուկը բարձրացավ 2017 թվականին Me too շարժման շրջանակում։ Հենց այդ ժամանակ մի շարք աստղեր, հայտնի մարդիկ մեղադրվեցին սեռական բռնությունների և ոտնձգությունների համար։ Հնարավոր բռնարարների շարքում նաև Սփեյսիի անունը հնչեց, նրան նույնիսկ հայտնի սերիալից՝ ամերիկյան քաղաքական կյանքի մասին պատմող House of Cards-ից հեռացրին։
Դերասանն իրեն մեղավոր չի ճանաչել, չի էլ հերքել, որ ճանաչում է իրեն մեղադրողների մեծ մասին կամ նույնիսկ սեռական հարաբերություն է ունեցել նրանց հետ, բայց պնդել է՝ հարաբերությունները կամավոր են եղել, ինքը միայն ավելորդ «սիրախաղ» է արել։ Մի քանի երկար-բարակ դատավարություններում նրա մեղքը չի ապացուցվել։
«Մեծ ռեժիսոր Փոլ Շրեյդերը, որը պատրաստվում է նկարահանել Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ, որտեղ դիտարկում է Քևին Սփեյսիին, նույնպես ստանում է էթիկական քննադատություններ, բայց նույնպես հակադարձում է, որ այստեղ խնդիրն այն է, որ ինքը հանճարեղ դերասան է՝ այդտեղ գոնե երկու կարծիք չկա: Դրա հետ մեկտեղ՝ կան, օրինակ, բաց նամակներ՝ Լայոմ Նիսոնի, Շայալ ԼաԲաֆի, Շերոն Սթոունի, որոնք պահանջում են իր վերադարձը Հոլիվուդ», - ասաց «Ոսկե ծիրան»-ի տնօրենը:
Կիրակի օրն ամերիկացի 64-ամյա դերասանը մնացած հրավիրյալ աստղերի հետ արդեն կլինի Երևանում։ Հուլիսի 7-ին կմենարկող փառատոնի ուշադրության առյուծի բաժինը թեև Սփեյսիին հասավ, բայց մի շարք այլ հանրահայատ դեմքերին հանդիպելու, նրանց ֆիլմերը դիտելու մեծ հնարավորություն կա։ Բացումը կլինի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» կինոնկարով։ Առանձնահատուկ անդրադարձ կկատարվի Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Մի անակնկալ ևս՝ 20 տարվա փոշի հավաքած կարմիր գորգը կփոխարինվի նորով՝ Արցախի ու Սյունիքի ավանդական նախշապատկերներով։ Այն կփռվի հենց բացման օրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր