ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

Եվրամիության խորհուրդը վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը։

ԵՄ-ն, մասնավորապես, սահմանափակումներ է մտցնում 116 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Սահմանափակումներ կան նաև եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկ գազի տարանցումների համար, սակայն չեն արգելվում Ռուսաստանից անմիջապես ԵՄ երկրներ հեղուկ գազի մատակարարումները։

Պատժամիջոցներ են սահմանվում, այսպես կոչված, ռուսական ստվերային նավատորմի 27 տանկերների և նավերի նկատմամբ, որոնք օգտագործվում են, մասնավորապես, զենքի կամ ուկրաինական հացահատիկի տեղափոխման համար։

2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ, Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ անհատական և տնտեսական պատժամիջոցների 13 փաթեթ է հաստատել: Վերջին փաթեթն այս տարվա փետրվարի 23-ին է հաստատվել։

Պատժամիջոցների այդ փաթեթները սահմանափակում են Ռուսաստանի հետ առևտուրը և քաղաքական էլիտայի գործունեությունը: Եվրամիությունը կարծում է, որ «պատժամիջոցները զրկում են ռուսական բանակին և նրա մատակարարներին Ուկրաինայի ինքնիշխան տարածքում պատերազմ մղելու համար անհրաժեշտ ապրանքներ և սարքավորումներ ձեռք բերելուց»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը ևս մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը