Պաշտոնական Երևանը բողոքի հայտագիր է ներկայացրել Մինսկին՝ Բելառուսի արտգործնախարարության խոսնակի երեկվա մեկնաբանության, մասնավորապես, Հայաստանի ներքին գործերին միջամտելու առնչությամբ։
«Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է», - հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Մայիսի կեսին Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ քննարկել էր 2020-ի պատերազմը և այն, թե ինչպես են իրենք ժամանակին հավատացել Ադրբեջանի հաղթանակին: Երեկ Ազգային ժողովում Փաշինյանը հիշեցրեց Լուկաշենկոյի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանը հաղթի։
«Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»։
Փաշինյանի ելույթից րոպեներ անց Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե հետ է կանչում Բելառուսում Հայաստանի դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Ժամեր անց էլ հետևեց Մինսկի համարժեք արձագանքը՝ Բելառուսը ևս ետ կանչեց իր դեսպանին։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում, և տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն սթրեսի նկատմամբ։ Սա կարող ենք հասկանալ, բայց չենք հասկանում ի՞նչ կապ ունի Բելառուսը», - իր հերթին հայտարարեց Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Անատոլի Գլազը նաև նշելով․ - «Հայաստանին այնպիսի ղեկավարություն եմ մաղթում, որը իսկապես մտածում է սեփական երկրի ապագայի ու ժողովրդի բարեկեցության մասին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Մինսկը ետ են կանչում դեսպաններին, ՀՀ պաշտոնական այցեր Բելառուս չեն լինի