«Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար, էսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ, 5 հազար դրամով ցույցերի բերելու համար։ Էս ա ձեր քաղաքականությունը, ձեր համար ԼՂ ժողովուրդը եղել է, կա և կլինի իշխանություն պահելու միջոց», - խորհրդարանում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի այն դիտարկմանը, որ Կառավարությունը պետք է փոխի իր ծրագիրը, քանի որ այդ ծրագրով խոստացել է ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցում, խոստացել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, բայց այդ ամենը չի իրականացվել։
«Կարգավիճակի մասին դուք եք ձեր կառավարության ծրագրում գրել, էդ փոխելու միակ ձևը՝ հրաժարական տաք, գա նոր կառավարություն, բերի նոր ծրագիր։ Դուք իրավունք չունեք շեղվել այս ծրագրից», - նշեց Ռուստամյանը։
«Պատին էիք դեմ տալիս, թե ես չեմ թողնում, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից։ Բա որ ժողովուրդը դուրս գար, կարգավիճակը որտե՞ղ էր ստանալու։ Մեր հանձնառությունն էր [ԼՂ-ն պահելը], մենք իրանց ասել էիք ինչ պետք է անել այդ խնդրի լուծմանը հասնելու համար․ դուք էիք, որ այս ամբիոնից, զանգելով ասում էիք՝ չէ, չանեք դա, կանեք ուղիղ հակառակը, վեր կացեք եկեք», - հայտարարել է վարչապետը և հավելել. - «Հիմա էլ նույնն ուզում եք ՀՀ ժողովրդի հետ անել, որ գուբերնայում թեմակալ առաջնորդներ լինեք, գնաք սարկավագներ լինեք՝ խորաններին խունկ ծխելով՝ կայսրի տիրապետության ներքո։
Նիկոլ Փաշինյանը 2023-ի մայիսին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ չէ Ղարաբաղի որևէ կարգավիճակի:
«Ազատությունը» մասնավորապես հարցրել էր՝ «Հեյդար Ալիևը բազմից նշել է, որ պատրաստ է Ղարաբաղի տալ ինքնավարության ամենաբարձր աստիճանը, այսօր Իլհամ Ալիևը պատրա՞ստ է դրան», Փաշինյանը պատասխանել էր. - «Ոչ, պատրաստ չի»:
Իր հրաժարականի հետ կապված ընդդիմադիրների հմնավրումներին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց, եթե ժողովուրդը ուզի փոխել կառավարությունը, դա կանի ցանկացած պահի, ապա շեշտեց՝ մասնակցելու են 2026 -ի ընտրություններին։
«Մեր պլանը ձեզ անկեղծ ասում եմ, 2026 -ի ընտրություններին կգնանք ժողովրդի առաջ կկանգնենք, մեր ծրագիրը կկարդանք, կտանք բացատրություններ, ժողովուրդը իր քվեարկությամբ կորոշի», - հայտարարեց նա։