Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն, այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարն այսպես պատասխանեց հարցին, թե ընդառաջ կգնա՞, եթե ժողովրդի մեծ զանգված հավաքվի՝ իր հրաժարականի պահանջով։
Հարցին, թե ինչո՞ւ է ոստիկանական ուժեր կենտրանացվել Դեմիրճյան, Բաղրամյան փողոցներում, Փաշինյանը պատասխանեց. - «ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները»։
Իսկ թե ի՞նչ վտանգներ է տեսնում ԱԺ շուրջ այդքան ոստիկանական ուժեր կենտրոնացնելով՝ Փաշինյանը պատասխանեց․ - «ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովեն և պետք է ապահվեն քաղաքացիների անվտանգությունը, դա իրենց գործառույթն է, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»։
Հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, գիշերող և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու՝ առանց մանրամասնելու։
Իշխանությունը սա սպառնալիք ընկալեց։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զգուշացրեց՝ խորհրդարանի շենքը պաշտպանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Քոչարյանը կոչ արեց ժողովրդին, նման որոշման դեպքում չգնալ շենքի գրոհի, ակնարկելով, որ հակառակ դեպքում ուժ է կիրառվելու։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հորդորեց ընդդիմությանը՝ չսադրել ոստիկաններին, նշելով, թե, իր համոզմամբ, Բագրատ Գաստանյանի շարժումը փորձելու է կրկնօրինակել այն, ինչ հեղափոխության ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը՝ փշալարերը հաղթահարելով մտնել խորհրդարան։
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է։
Ազգային ժողովի շենքի մոտ, Դեմիրճյան փողոցի հատվածում, այսօր առավոտից ոստիկանական նոր ուժեր են բերվում։ «Ազատության» տեսախցիկը նաև ոստիկանական մեքենաներում փշալարեր է արձանագրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը հորդորում է ցուցարարներին՝ չխախտել հասարակական կարգը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն հորդորում է ցուցարարներին՝ պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ