ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հաստատեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային թույլատրել է ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի թիրախներին։ Բլինքենն այս մասին լրագրողներին հայտնեց Պրահայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո։
Ամերիկյան զենքն օգտագործելու խնդրանքով Կիևը դիմել էր ռուսների կողմից Խարկովի ուժգին հրթիռակոծությունների պատճառով, որ իրականացվում են Ռուսաստանի տարածքից։
Բլինքենը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում հստակ քայլեր կկատարվեն Ուկրաինային ՆԱՏՕ-ին մոտեցնելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ դաշինքն ուժեղ է, մեծ է և կունենա ավելի լավ ռեսուրսներ ընթացիկ ժամանակի ու գալիք տարիների մարտահրավերներին դիմակայելու համար։ Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նշվելու է դաշինքի 75 ամյակը, և ընդգծել՝ «կարևոր է, թե ինչ ենք անում հետագա 75 տարիներին դաշինքն ամրապնդելու համար»։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում անցկացվելու է գալիք հուլիսին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային ամերիկյան զենքի սահմանափակ օգտագործում՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու. Reuters