Լոռեցի պատգամավոր Արեն Մկրտչյանն ասում է՝ Դեբետի մակարդակն իջնելուց հետո, աղետի մասշտաբներն ավելի տեսանելի են. հետ քաշված ջուրն իր հետևից տիղմ է թողել, որը պետք է մաքրել: Ընդգծեց՝ այդ աշխատանքների համար են կամավորներ հարկավոր:
«Չունենք սննդի, հագուստի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների կարիք: Խնդրում եմ՝ մի բերեք համայնքապետարան նման պարագաներ: Կառավարությունը չունի որևէ ֆինանսական խնդիր՝ իր քաղաքացիներին սնունդով հագուստով, դեղորայքով ապահովելու», - նշեց Մկրտչյանը:
Կամավորական Աննա Հովհաննիսյանը իշխանական պատգամավորի նույնաբովանդակ գրառումը կարդալուց հետո ասում է՝ ինքը շարունակում է նամակներ ստանալ, որտեղ մարդիկ օգնություն են խնդրում, տակդիրից մինչև դեղ ու սնունդ:
Արեն Մկրտչյանը վիրավորանք է համարում այս օրերին պետական կառույցների աշխատանքը «անկազմակերպ» բառով բնութագրելը։ Ասում է՝ եթե սնունդի ու այլ պարագաների կարիք լինի՝ այդ խնդրանքով էլ կդիմեն: Հիմա հորդորում են համակարգված աշխատել:
«Աղետի ծավալն անպատկերացնելի մեծ է, հավաքագրած ոչ մի օգնություն և գումար չի կարող շատ կամ ավելորդ լինել»,- արձագանքում է Աննա Հովհաննիսյանը:
Պատգամավորի այդ գրառումից հետո, նա նոր դրամահավաք չի սկսի, բայց հավաքված գումարով կշարունակի օգնություն տրամադրել իրեն դիմողներին:
Նվարդ Քոչարյանը, որ աղետի առաջին օրերից ֆեյսբուքում ստեղծած իր խմբով է օգնություն հավաքում ու Լոռի ուղարկում, ասաց՝ շարունակելու է այդ աշխատանքը:
«Դրամահավաք մի արեք, դրամահավաք անողների հաշիվներին ոչ մի դրամ մի հանգանակեք», - լոռեցի պատգամավորի այս տողերից են նեղսրտել կամավորները, ասում են՝ ոչ մի կոպեկ չի մսխվում, հաշվետվություններն էլ պարտաճանաչ հրապարակում են:
ՔՊ-ական պատգամավորն արձագանքում է՝ կասկածի տակ չեն դնում մարդկանց ազնվությունը, բայց խնդրում են իրենց ուղղված նամակները հասցեագրել պետական մարմիններին: