Այսօրվանից Ալավերդիում գործում է միասնական տեղեկատվական շտաբ աղետի գոտի հայտարարված համայնքների մասին տեղեկություններ տալու համար:
Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ 430 մարդ տարհանվել է իրենց հեղեղված բնակավայրերից: Քարկոփ բնակավայրը, որը Ախթալայի կամրջի քանդման հետևանքով մեկուսացման մեջ հայտնվել և գրեթե բոլոր տները վնասված են, տարհանվել է ամբողջովին: Այսօր առավոտից այնտեղ սկսվել են մաքրման, վերականգնման աշխատանքներ: Տեխնիկան հնարավոր է եղել գյուղ հասցնել այլընտրանքային 5 կիլոմետրանոց ճանապարհով:
Նախարարը նշեց, որ Մ6 միջպետական ճանապարհը վնասված է 10-ից ավելի հատվածներում, որոշ դեպքերում փլուզվել է ամբողջ ճանապարհահատվածը, մի քանի դեպքերում՝ մասնակի:
Յոթ բնակավայր դեռևս կտրված է արտաքին աշխարհից՝ կամուրջների փլուզման հետևանքով, սակայն նախարարի հավաստմամբ սննդային մատակարարումներ արվում են: Փորձում են ժամանակվոր լուծում գտնելու համար հետիոտնային կամուրջներ կառուցել այդ համայնքների հետ կապն ապահովելու ու սննդի մատակարարումն ավելի հեշտացնելու համար, մինչ հնարավոր կլինի սկսել հիմնական երթևեկելի կամուրջների կառուցումը: Թե երբ կսկսեն, նախարար կոնկրետ ժամկետներ չի նշում:
ՆԳՆ փրկարար ծառայությունը մայիսի 26-ին հաղորդել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին։ «Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկել էր մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները՝ սելավահոսքի առաջացման պատճառով։
Ավելի մանրամասն՝ այստեղ.