«Հայաստանը պետք է ներողություն խնդրի Խոջալուի դեպքերի համար», - պնդում է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևի՝ Երևանին ուղղված հերթական պահանջը հնչել է երեկ իշխող ընտանիքի՝ Ղարաբաղ կատարած այցի ընթացքում։
«Հայաստանն ինքը պետք է ճանաչի [Խոջալուի ցեղասպանությունը], ներողություն խնդրի մեզանից։ Միայն նման քայլի դիմելուց հետո է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարող է գոնե մի փոքր սրբագրել այդ վայրենիների, վանդալների ու արնախումների մեղքերը։ Եթե նրանք դա չանեն, ապա, ըստ իս, Հայաստանը երբեք չի կարողանա ոտքի կանգնել։ Հայաստանը ինքը պետք է ճանաչի այս ողբերգությունը, այս ռազմական հանցագործությունը», - Խոջալույում վերաբնակեցված ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Ալիևը՝ պնդելով, թե ընդամենը մի քանի տարի առաջ քչերն էին հավատում, որ այս բնակավայրը այսքան արագորեն կրկին կհայտնվի Բաքվի վերահսկողության տակ։
«Խոջալուն հին ադրբեջանական հող է։ Ատելի թշնամին, ցեղասպանություն իրագործելով նաև անօրինական վերաբնակեցում էր նախաձեռնել, իսկ դա ռազմական հանցագործություն է համարվում։ Նրանք նաև փորձում էին փոխել Խոջալուի անունը՝ պաշտոնապես այն անվանակոչելով ի պատիվ ռազմական հանցագործի», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։
2000 թվականին Խոջալուն վերանվանվել էր ի պատիվ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադիրներից մեկի՝ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի։
Իլհամ Ալիևը նաև պնդում էր, թե շուտով այս բնակավայրում Խոջալուի դեպքերին նվիրված հուշահամալիր է ստեղծվելու։ Նրա խոսքով՝ տարիներ առաջ որոշվել էր այդ հուշահամալիրը Բաքվում կառուցել, սակայն ինքը չէր հաստատում դրա նախագիծը։ «Ես համարում էի, որ հուշահամալիրը պետք է հենց Խոջալուում կառուցվի և հենց այդպես էլ տեղի ունեցավ», - հայտարարում էր Ադրբեջանի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քննարկման ենթակա չէ». ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանոթյուն ճանաչելու» Ալիևի պահանջին«Հարկավոր է էլ ավելի հզորացնել մեր բանակը և մենք զբաղվում ենք դրանով». Ալիև
Երեկվա ելույթում Ալիևը կրկին անդրադարձավ նաև հայաստանյան ներքին զարգացումներին՝ քողարկված սպառնալիքների հերթական չափաբաժինը հնչեցնելով։
«Ես վստահ եմ, որ Հայաստանը էլ երբեք չի փորձի Ադրբեջանի դեմ որևէ ռազմական սադրանք իրականացնել։ Չնայած,Հայաստանում ռևանշիստները բավական շատ են։ Մենք հետևում ենք վերջին իրադարձություններին և տեսնում ենք, որ կրկին փորձում են մեզ տարածքային պահանջներ ներկայացնել։ Այդ իսկ պատճառով մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք։ Առաջին հերթին հարկավոր է էլ ավելի հզորացնել մեր բանակը և մենք զբաղվում ենք դրանով», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։
Իլհամ Ալիևը երեկ Խոջալուում նաև գրեթե բացահայտորեն հայտարարեց նախորդ սեպտեմբերին ամբողջությամբ հայաթափված Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը փոխելու մտադրության մասին։ Ադրբեջանցի վերաբնակիչների հետ հանդիպումների ժամանակ Ալիևը բացասական լույսի ներքո էր ներկայացնում խորհրդային տարիները՝ պնդելով, թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող ադրբեջանցիները՝ «ստիպված էին ենթարկվել հայ ղեկավարներին»։
Այժմ, սակայն, ըստ Ալիևի, իրավիճակն այլ է լինելու և Խոջալուն այլևս հայկական Ստեփանակերտին ենթարկվելու կարիք չի ունենա և շրջապատված չի լինի հայկական բնակավայրերով։
«Սեպտեմբերից մենք սկսում ենք Խանքենդիի վերաբնակեցումը։ Առաջինը կտեղափոխվեն Ղարաբաղի համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Այնպես որ՝ ձեր մի կողմից Խանքենդին կլինի, մյուս կողմից Աղդամը։ Այնտեղ մարդիկ կսկսեն վերադառնալ արդեն հաջորդ տարի», - պնդում էր Ալիևը։