ԱՕԿՍ-ը չպետք է կոթողացնել, պետք է արագ որոշում կայացնել ու այն վերադարձնել ծառայության․ Փաշինյան

ԱՕԿՍ-ի շենքը Երևանում

Շատ արագ պետք է որոշում կայացնել ու ԱՕԿՍ-ի շենքը վերադարձնել ծառայության, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունն էլ կարա վերցնի ու ոչ մի բան չանի», - ասաց գործադիրի ղեկավարը:

Պետական գյուքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշեց, որ շենքը վարձակալության հանձնելու նախագիծն արդեն կառավարությունում է, առաջիկա նիստերին կքննարվի։

«Մենք գույքը շուկայական գնահատում ենք իրականացրել և առաջարկում ենք մրցութային եղանակով հանձնել վարձակալության այնտեղ որևէ գործունեություն իրականացնելու նպատակով՝ իհարկե հաշվի առնելով շենքի պատմամշակութային բնույթը նաև սահմանափակումներ ենք կիրառել ԿԳՄՍ-ի առաջարկությամբ, շենքի վերափոխման, ձևափոխման և այլ հարցերի հետ կապված», - ասաց Ավետիսյանը։

ԱՕԿՍ-ի շենքը Երևանում

«ԱՕԿՍ-ը չպետք է կոթողացնել»

Այն շենքերը որոնք կոթող չեն, չպետք է կոթողացնել, իր հերթին հայտարարեց Փաշինյանը՝ խնդիր դնելով՝ ԱՕԿՍ-ը չպետք է կոթողացնել։

«Կոթողացման տրամաբանությունից պետք է գնալ բնակեցման տրամաբանության։ Որ դա բոլորը ոչ թե տառապելու, ճգնելու համար է, այլ ապրելու համար է՝ շենքը, սրճարանը, դպրոցը։ Պետք չի ամեն ինչից կոթող և տաճար սարքել։ Կարող է էդտեղ ի սկզբանե պանդոկ ա եղել, արհեստանոց ա եղել։ Այնտեղ որտեղ կոթող է՝ կոթող է, քննարկման թեմա չկա», - ասաց վարչապետը՝ շեշտելով․ - «Եթե վարձակալության մրցույթը հայտարարեցիք և մի հատ բոլորիս համար տպավորիչ գնով առաջարկ չեղավ, ուրեմն կոթողացրել եք, ուրիշ բացատրություն չի կարող լինել»։

Պետական գյուքի կառավարման կոմիտեի նախագահն էլ արձագանքեց՝ գործունեության սահմանափակման վերաբերյալ խոսք չկա առաջարկված նախագծում։

Դեռ 2023-ի նոյեմբերին հայտարարվեց, որ Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող մի քանի միլիոն դոլար արժողության ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է պետությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է պետությանը

Հուշարձանի յուրացման քերական գործով անցնում է Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, ինչպես նաև Մշակույթի նախկին նախարար, այժմ հետախուզվող Հասմիկ Պողոսյանը։

Այսօր անդրադառնալով ապօրինի գույքի վերադարձի քաղաքականությանը՝ Փաշինյանը հայտարարեց՝ Կառավարությունն ապօրինի գույքի վերադարձի իր քաղաքական հանձնառությունները ոչ մի վայրկյան չի մոռացել, իրավական մեխանիզմները ստեղծվել են, օրենքներն ընդունվել են, հիմա այս մեխանիզմները փոխանցվել են դատաիրավական համակարգին։

Ընդգծելով, որ այդ մեխանիզմները լիարժեք գործարկվեցին 2022-ի հունվարից՝ Փաշինյանն ասաց, որ 1 մլրդ 350 մլն դոլարի գույքի վերաբերյալ դատական հայցեր կան ներկայացված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հասմիկ Պողոսյանի հարսին մեղադրանք է առաջադրվել՝ «հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար»