Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մահացած են գտնվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ուղղաթիռի կործանման վայրում, հայտնում է RFE/RL-ը:
Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
Որոնողա-փրկարարական խմբերը, որոնց աջակցում էին մի քանի օտարերկրյա կառավարություններ, որոնում էին ուղղաթիռը այն բանից հետո, երբ մայիսի 19-ի ուշ երեկոյան այն վայր էր ընկել երկրի լեռնային տարածքում վատ եղանակային պայմաններում:
Reuters-ը ևս հղում անելով իրանցի անանուն պաշտոնյային հայտնում է՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտաքին գործերի նախարարը զոհվել են լեռնային տեղանքում ուղղաթիռի կործանման հետևանքով:
«Նախագահ Ռայիսին, արտաքին գործերի նախարարը և ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են վթարի հետևանքով», - Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան՝ խնդրելով չհրապարակել իր անունը՝ հարցի զգայունության պատճառով:
Ռայիսիի կաբինետը արտակարգ նիստ է հրավիրում, հայտնում են պետական լրատվամիջոցները:
Իրանի օրենսդրությունը նախատեսում է, որ եթե նախագահը մահանա, իշխանությունը փոխանցվում է առաջին փոխնախագահին։ Խորհրդարանի նախագահից, դատական իշխանության ղեկավարից և առաջին փոխնախագահից բաղկացած խորհուրդը պետք է 50 օրվա ընթացքում կազմակերպի նոր նախագահի ընտրությունը: Իրանի ներկայիս առաջին փոխնախագահը Մոհամմադ Մոխբերն է։
Երեկ 17։00-ի սահմաններում հաղորդվեց, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։ Իրանական ԶԼՄ-ները վթարի պատճառ են նշում վատ եղանակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքից ժամեր անց. ինչ է հայտնի