ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացում, որը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքման: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունից:
«Եվրամիությունը ողջունում է 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, որը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:
ԵՄ-ն կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ չլուծված այլ հարցերի լուծման համար և հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին աջակցելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Ադրբեջանը 1976թ. քարտեզի համաձայն համաձայնեցրել են սահմանագծի հատվածների արձանագրությունըԵրկու օր առաջ արտգործնախարարությունը հաղորդեց, որ սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունն է ստորագրվել։ Համաձայնեցվել է անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ավելի ուշ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց՝ «Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ», իսկ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»: