Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը, այսօր Ստրասբուրգում, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը երեկ հայտարարել էր, թե 2021-ին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված Հարավային Կովկասում տնտեսական ու հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խումբն անցած տարվա ամռանը «հավասարակշռված փոխհամաձայնության է եկել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ, բայց Երևանը, ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի, Արևմուտքի ճնշման տակ որոշել է սառեցնել այդ փոխգործակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գալուզին. Երեք փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովն ամռանը «հավասարակշռված փոխհամաձայնության էր եկել»Միրզոյանը Բուրիչն է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում կայացած քննարկումները։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման, սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը:
Մայիսի 10-ի,ն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։
Մինչ այդ Արարատ Միրզոյանը հստակ նշել էր, որ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից երկու հիմնական հարցերի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Արդյոք հենց այս հարցերն են շարունակում մնալ բաց՝ կողմերը դեռ չեն հստակեցնում։ Համենայն դեպս Երևանը կառուցողական, Բաքուն դրական է գնահատում Ալմաթիի հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցումՆախքան Բուրիչի հետ հանդիպումը, ըստ Հայաստանի արտգործնախարարության, Միրզոյանը Եվրոպայի գլխավոր քարտուղարի ներկայությամբ ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի:
Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության Օվիեդոյի կոնվենցիան միջազգային միակ իրավական գործիքն է, որը սահմանում է բժշկության և կենսաբանական բժշկության ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները: Հայաստանը 37-րդ երկիրն է, որ միանում է կոնվենցիային: