«Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Խորհրդային միության օրոք հաստատված սահմանները։
Գործադիրի ղեկավարը սա կաևոր սկզբունք համարեց՝ պարզաբանելով․ -«Եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա ի՞նչ կնշանակեր, կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր: Այս սկզբունքի ամրագրմամբ, երբ, որ ասում ենք՝ «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է», մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն, էականորեն նվազեցրել ենք։ Նաև այս առումով ես տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»։
Փաշինյանը նշեց, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց պարզվեց, որ խնդիր չկա։ Ըստ Փաշինյանի՝ այլևս խնդիրներ չկան, թե՛ եկեղեցու, թե՛ Բաղանիս-Ոսկեպար հին ճանապարհի հարցում։
«Սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ ՀՀ արդեն իսկ դե յուրե վերահասատատված ինքնիշխան տարածքում է, այլև ըստ էության նոր հանգամանքների բերումով երթևեկության համար այլևս անվտանգ է։ Եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունեցանք», - ասաց վարչապետը․ - «Ինչո՞ւ խնդիր չկա Ոսկեպար-Բաղանիս հատվածում և խնդիր չկա Բերքաբերի հատվածում, որովհետև մենք որդեգրել ենք այդ սկզբունքը՝ «սահմանն անցնում է այնտեղ, որտեղով անցնում է»։
Իսկ թե ինչո՞ւ որոշակի խնդիրներ կան Կիրանցի հատվածում՝ վարչապետը պարզաբանեց՝ էլի նույն պատճառով՝ «սահմանն անցնում է այնտեղ, որտեղով անցնում է»։
Փաշինյանն ասաց, որ այս սկզբունքը գործուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր հատվածների համար:
Երեկ արտգործնախարարությունը հաղորդեց, որ սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունն է ստորագրվել։ Համաձայնեցվել է անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ավելի ուշ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց՝ «Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ», իսկ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունը Փաշինյանը մեծ հաջողություն է որակում, ցուցարարները՝ հանցագործություն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երեք զգայուն կետերի հարցը ոչ ի շահ մեզ է լուծվել»․ Կիրանցում դժգոհ են սահմանագծման հարցով ստորագրված փաստաթղթից