Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։
Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղի կենտրոնում։ «Ազատության» հետ զրույցում նրանք նշում են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները և այն երեք զգայուն կետերի հարցը, որի մասին դեռ վարչապետն էր խոսում, ոչ ի շահ իրենց է լուծվել։
Վարչական ղեկավարն ու գյուղացիներն ավելի վաղ պնդել էին, որ այդ ցավոտ կետերը գյուղի կամրջի, դպրոցի ու մասնավոր տների հատվածում են։
Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «այդ երեք առավել զգայուն կետերի վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի, որովհետև այս կետերում արդեն սանտիմետրերը նշանակություն ունեն և սանտիմետրերով պետք է ճշգրիտ արտահայտենք»։
«Էն պրոբլեմը, որ բարձրացնում են Կիրանցի բնակիչները, էդ պրոբլեմը բարձրացնելու պահից դա պետք է դադարի լինել իրենց պրոբլեմը, դա պետք է լինի ՀՀ կառավարության պրոբլեմը, անձամբ իմ պրոբլեմը», - ասել էր գործադիրի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում այս պահին տեղադրված սյուներն իրենց օգտին են համարում, սպասում, թե ինչ գծով բնակելի տարածք կմտնենԵրեկ արտգործնախարարությունը հաղորդեց, որ սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունն է ստորագրվել։ Համաձայնեցվել է անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ավելի ուշ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց՝ «Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ», իսկ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»:
Կիրանցեցիները տարակուսած են, թե ինչու մյուս սյուները որոնք կոնկրետ չափագրողների մասնակցությամբ, հենց տեղում դիտարկումների միջոցով են տաղադրվել, իսկ այդ երեք զգայուն կետերը, որոնց շուրջ վարչապետը խոստացել էր ավելի մանրակրկիտ քննարկումներ, տեղորոշվել են ընդամենը համակարգչային եղանակով։
Իսկ ինչ վերաբերում է 25 հեկտար հողատարածքները գյուղին վերադարձնելուն՝ գյուղացիները շեշտեցին՝ դրանք ըստ էության հայկական վերահսկողության տակ գտնվող հողատարծքներ են և դեռ խորհրդային տարիներից եղել են հայկական վարելահողեր, այժմ այդ տարածքներն, ըստ կիրանցեցիների, անվտանգության գոտի են՝ ականապատված, այդ պատճառով էլ չեն մշակվել, բայց գտնվում հայկական վերահսկողության տակ։
Կիրանցում ենթադրում են՝ պաշտոնյաները նկատի են ունեցել, թե դրանք կականազերծվեն և կօգտագործվեն որպես գյուղի վարելահողեր ինչպես նախկինում։ Ասում են՝ սա չի փարատում իրենց մտահոգություները, նույնիսկ տեղյակ չեն՝ կոնկրետ քանի մասնավոր տուն կանցնի ադրբեջանական կողմին և արդյո՞ք սյուները միացնող գիծը կանցնի ուղիղ թե կոր հետագծով, որի դեպքում նշում են, որ կկորցնեն նաև իրենց մշակվող հողատարածքները։
Գյուղացիներն ասացին, որ շարունակելու են իրենց պայքարը և սպասում են կառավարության անդամներին՝ իրենց դժգոհություններն արտահայտելու համար, նաև չեն բացառում, որ բողոքի գործողությունների կդիմեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունը Փաշինյանը մեծ հաջողություն է որակում, ցուցարարները՝ հանցագործություն