Ամերիկացի կոնգրեսականի՝ Ադրբեջանից հարյուր հազարավոր դոլարների կաշառք ստանալու գործում երրորդ մեղադրյալ է ներգրավվել: Associated Press-ի փոխանցմամբ` ծագումով ադրբեջանցի 67-ամյա Իրադա Ախունդովան մեղադրվում է կոնգրեսական Հենրի Կուելյարին կաշառք փոխանցելու մեջ։
AP-ն հայտնում է, որ Տեքսասի ադրբեջանական համայնքի ակտիվ անդամներից Ախունդովան Հյուսթոնի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ում առանց օտարերկրյա գործակալ գրանցվելու Ադրբեջանի շահերին ծառայելու համար։
ԱՄՆ դատախազության պնդմամբ՝ Տեքսասից ընտրված Հենրի Կուելյարն ու նրա կինը՝ Իմելդա Կուելյարը 2014-ից 2021 թվականներին 600 հազար դոլար ընդհանուր ծավալի կաշառք են ստացել «Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերությունից և Մեքսիկայում գործող բանկերից մեկից»։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Բաքվից ստացված կաշառքների դիմաց կոնգրեսականը խոստացել է ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության այն ասպեկտների վրա, որոնք ուղղակի առնչություն ունեն Ադրբեջանի հետ։
«Բացի այդ, Կուելյարը խոստացել էր ազդել օրինագծերի այն փաթեթի վրա, որը վերաբերում էր Ադրբեջանի հակամարտությանը հարևան Հայաստանի հետ, Ներկայացուցիչների տան և դրա կազմում գործող մշտական կոմիտեների զեկույցներում Ադրբեջանին ձեռնտու ձևակերպումներ ներառել, ադրբեջանամետ ելույթ ունենալ Ներկայացուցիչների տան նիստին և խորհուրդներ տալ Ադրբեջանի ներկայացուցիչներին ԱՄՆ կառավարությունում լոբբիստական ջանքեր ծավալելու վերաբերյալ», - նշված է մեղադրական եզրակացության մեջ։
Կուելյարն ու նրա կինը անցած շաբաթներին ձերբակալվել են, ապա մի քանի ժամ անց ազատ արձակվել 100 հազար դոլար գրավի դիմաց։
Ինքը ամերիկացի օրենսդիրը ներկայացված մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, թե որևէ անօրինական բան չի արել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ դատախազությունը գաղտնազերծում է Ադրբեջանի նախկին դեսպանի և տեխասցի կոնգրեսականի նամակագրությունը ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար