Հյուսիսային Մակեդոնիայում կարող են կրկնել երկրի նորընտիր նախագահ Գորդանա Սիլյանովկսա-Դավկովայի երդմնակալության արարողությունը։ Այդ մասին այսօր հայտարարել է բալկանյան այս պետության արդարադատության նախարարը։
Պատճառը նորընտիր նախագահի կողմից երդման տեքստի փոփոխությունն է։ Արարողության ժամանակ Սիլյանովսկա-Դավկովան երկրի պաշտոնական անվանման՝ Հյուսիսային Մակեդոնիայի փոխարեն արտաբերել է Մակեդոնիա տերմինը։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ևս քննադատել է հարևան երկրի ղեկավարի այս քայլը՝ նշելով, որ այն «հակասում է թե՛ Սկոպյեի ստանձնած միջազգային պարտավորություններին և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրությանը»։
2018-ին Սկոպյեի և Աթենքի միջև կնքված Պրեսպանի համաձայնագրով Մակեդոնիան վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Դրա դիմաց Հունաստանը դադարեցրել է Սկոպյեի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության բանակցությունների արգելափակումը։
Հունաստանը բողոքում էր Մակեդոնիա անվանման դեմ՝ մտավախություն ունենալով, որ 1991-ին անկախացած նախկին հարավսլավական հանրապետությունը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել իր համանուն երկրամասին։