Առավոտյան 11։25-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի՝ 151 մասնակից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը։
Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթանում, փողոցներ են փակվում։
Երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առավոտյան ժամը 08։00-ից տոտալ փորձելու են դասադուլներ, գործադուլներ անել, պարալիզացնել ամբողջ քաղաքը և Հայաստանի Հանրապետության մյուս մարզերը՝ անհամաձայնություն հայտնելով ստին ու չարիքին։
Սրբազանը նաև հայտարարեց, որ փաստացի բարոյապես և քաղաքականապես չլինելով ժողովրդի իշխանություն՝ վարչապետ Փաշինյանը պետք է հեռանա։ Նրան մեղադրեց ստախոսության, կեղծ թեզեր կիրառելու, հայ եկեղեցու դեմ հալածանքի, ատելության մշակույթի տարածման, պատերազմի սպառնալիք բերելու, բանակի ստորացման համար։
Խոսելով իրենց մյուս պահանջի մասին՝ Բագրատ Գալստանյանն ասաց, որ այս շարժումը դեմ չէ սահմանագծմանը և սահմանազատմանը, սակայն գտնում է՝ այն պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով և ապա սահմանագծմամբ ու սահմանազատմամբ՝ ըստ Հայաստանի օրենքների, միջազգային պայմանագրերի՝ երաշխավորների ներգրավմամբ և համապարփակ, ամբողջական մեկ փաթեթով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է, թե սահմանազատման կասեցման պահանջ ներկայացնողները պատերազմ են հրահրում Հայաստանի դեմ և սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ակցիաներից բերման ենթարկված 171 մասնակիցներն էլ ազատ են արձակվել (լրացված)