Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները Ալմաթիում քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։
Ըստ հայկական կողմի՝ Արարատ Միրզոյանն ու Մուրատ Նուրտլաուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
Ղազախստանի արտգործնախարարի հետ այսօր նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է առանձին հանդիպում ունեցել։ Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։
Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։ Ալիևը շեշտել էր՝ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։ «Երբ Երևանն ու Բաքուն մենակ են շփվում, և ոչ ոք չի ցանկանում իրավիճակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ», - ասել էր Ադրբեջանի նախագահը՝ վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող աշխատանքները։
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած այդ քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալմաթիում մեկնարկեց Միրզոյան - Բայրամով հանդիպումը