Տավուշի սահմանազատվող գյուղերի՝ Ոսկեպարի ու Կիրանցի վարչական ղեկավարները գյուղում են, հրաժարվեցին պաշտոնապես որևէ մեկնաբանություն անել՝ արդյո՞ք գյուղացիները միացել են կամ աջակցում են Երևան հասած շարժմանը։
Ներկայանալ չցանկացող գյուղացիները փոխանցեցին՝ առանձին բնակիչներ են գնացել մայրաքաղաք՝ միանալու սահմանազատման կասեցման ակցիային։
Նրանց խոսքով՝ մյուսները նախընտրում են գյուղից դուրս չգալ՝ «տեղում հսկողություն իրականացնելն ավելի կարևոր է իրենց համար»։
Կիրանցում սահմանազատման աշխատանքներն արդեն երեք օր դադարեցված են, բայց գյուղացիները վստահ են՝ ամեն պահի կարևող են դրանք վերսկսվել։
Կիրանց տանող ճանապարհները բաց են։ Բայց Բաղանիսից Ոսկեպար հնարավոր է գնալ միայն շրջանցիկ ճանապարհով, որը նույնպես ասֆալտապատ է, անցանելի։
Հիմնական ճանապարհն ավելի քան երկու շաբաթ փակ է, երկու ծայրերին պարեկային ծառայություն է։ Հնարավոր չէ մոտենալ նաև Ոսկեպարի հայկական եկեղեցուն, որի հարակից հատվածներում օրեր առաջ ականազերծում ու սահմանազատում է իրականացվել։
Եկեղեցու հատվածում համազգեստով մարդիկ են երևում։ Նշում են, թե տեղում ինժեներական աշխատանքներ են կատարվում՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ աշխատանք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում խոսել էր Ոսկեպարի եկեղեցու մասին, հավաստիացրել, թե այն Հայաստանի տարածքում կմնա սահմանազատումից հետո։ Մարդիկ նախկինի նման մոմ կվառեն, կաղոթեն, ասել էր վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը հանրահավաք չի լինելու. Բագրատ սրբազան (լրացված)