Սահմանազատման աշխատանքները մոտեցել են Կիրանց գյուղին։ Քիչ առաջ ոստիկանները պատ կազմեցին Խեյրիմլիի տարածք գյուղացիների հնարավոր մուտքը կանխելու համար, որտեղ արդեն երկու օր է սահմանազատում է իրականացվում։
Մի քանի մետրի վրա տեսանելի է աշխատող մարդկանց խումբ, որոնք ենթադրաբար սահմանազատման հետ կապված աշխատանքներ են իրականացնում։
Գյուղում սպասողական վիճակ է։ Կիրանցում կարծում են, որ շուտով կհասնեն Կիրանցի մուտքի մոտ գտնվող խանութներին։
Բարձրաստիճան ոստիկանները հրահանգ են տալիս ենթականերին՝ ավելի ուժեղացնել հսկողությունը Խեյրիմլի տանող մուտքի հատվածում։
Երեկ գյուղացիներն ասում էին՝ թույլ չեն տալու աշխատանք իրականացնեն այն հատվածներում, որոնք իրենցն են դեռ խորհրդային ժամանակներից ու դրանց նկատմամբ սեփականության վկայականներ ունեն։
Տավուշցիները համոզված են, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։ Քաղաքացիներն անվտանգության երաշխիքներ են պահանջում։
Իշխանությունները, մինչդեռ, սահմանազատումը անվտանգային ռիսկերի նվազում են համարում։ Անդրադառնալով գործընթացից հետո հնարավոր ռիսկերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ։
Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ վերահաստատեց՝ սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ՀՀ համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման աշխատանքների «90 տոկոսն արդեն արված է»․ Փաշինյան