Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ, սակայն դրսից եկած մեքենաներին թույլատրում են գյուղ մտնել ստուգումներից հետո։
Գյուղացիներն «Ազատության»-ը ասացին, որ տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, հեռվից տեսանելի որևէ բան չի երևում սահմանազատվող հատվածներում, գյուղում սպասողական վիճակ է։
Այսօր կրկին փակ են Խեյրիմլի տանող ճանապարհները, որտեղ գտնվում են Կիրանցի բնակիչների արոտավայրերը և այգիները։
Գյուղապետն ասաց, որ այս պահին իրենք որևէ քայլ չեն կարող ձեռնարկել քանի դեռ որևէ տեղեկություն չունեն։ Գյուղում տեղեկություններ չկան նաև ականազերծման ժամանակ վիրավորված զինվորի մասին։
Բնակիչներն «Ազատության»-ը ասացին, որ ականի պայթյուն չեն լսել, բայց տեսել են, թե ինչպես է ժամը 10։12 Խեյրիմլիի տարածքից շտապօգնության մեքենան դուրս եկել, որը ենթադրաբար տեղափոխում էր հենց վիրավորված զինվորականին։
Այսօր Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ռազմական գերատեսչությունից չհստակեցրին, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, սակայն «Ազատության» աղբյուրները հայտնեցին, որ պայթյունը տեղի է ունեցել Կիրանցի հատվածում՝ ականազերծման աշխատանքների ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ականազերծման աշխատանքներ կատարելիս զինծառայող է վիրավորվել