Մեկնարկել է Միրզոյանի այցը Բուդապեշտ

Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ։

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում նախ տեղի է ունեցել նախարար Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը, ապա դրան հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր էին, տարածաշրջանային թեմաներ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ հանդիպումից հետո Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ինչպես նաև արտգործնախարարությունների միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր։

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն համաձայնագիր, համագործակցության ծրագիր են ստորագրել, 6-ը մայիսի, 2024թ․

Երեկ հայկական կողմը հաղորդեց, որ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

«Ազատություն»-ը ավելի վաղ հայտնել էր, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։

Հայաստանն ու Հունգարիան դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին 2022թ. հայտարարեցին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը