Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, «Ազատության»-ը հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ նշելով՝ նախնական տվյալներով, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ռազմական գերատեսչությունից չեն հստակեցնում, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, սակայն «Ազատության» աղբյուրները հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել Կիրանցի հատվածում՝ ականազերծման աշխատանքների ընթացքում:
Ապրիլի 25-ին ՊՆ-ն կրկին հաղորդել էր, որ մեկ զինծառայող ականապայթյունային վնասվածք է ստացել։ Թեև ՊՆ-ն միջադեպի վայրը չէր հստակցրել, սակայն այդ օրերին Տավուշում գտնվող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն «Ազատության»-ը փոխացել էր, որ դեպքը տեղի է ունեցել Բերքաբերի հատվածում: Ըստ պատգամավորի՝ զինծառայողի ոտնաթաթն էր վնասվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացելԱպրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ արդեն երկու շաբաթից ավելի բողոքի ակցիաներ են անում։ Մարդիկ համոզված են, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։
Մայիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։ Առաջիկա օրերին կսկսեն այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրեն։ Հայտարարությունից ժամեր անց՝ կարմիր բերետավորները մտան գյուղ և բիրտ ուժ կիրառելով հերթապահություն իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկեցին Իջևանի բաժանմունք։ Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում ականազերծում է իրականացնում պետական սահմանի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
Ըստ հաղորդման՝ ոստիկանությունն էլ ուժեղացված ծառայություն է իրականացնում՝ ականապատ գոտիներ քաղաքացիների մուտքը թույլ չտալու, նրանց անվտանգությունն ապահովելու համար:
ՆԳՆ-ն նաև հերքեց, թե քաղաքացիների նկատմամաբ ուժ է կիրառվել։ Ժամեր անց բերման ենթարկված 31 քաղաքացիներն ազատ արձակվեցին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատ արձակվածները վերադարձան Կիրանց. ճանապարհը փակ է մնում այդ թվում պատգամավորների, Տավուշի թեմի առաջնորդի համար (թարմացված)Արդեն շաբաթ օրը քաղաքացիները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդությամբ Կիրանցից քայլերթ սկսեցին դեպի Երևան։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարեց, որ որոշել է ժողովրդի հետ գալ Երևան ու պատասխաններ պահանջել ու պահանջ ձևակերպել՝ սահմանազատման գործընթացը թե՛ Տավուշում, թե՛ այլուր պետք է դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այստեղ շարունակել ակցիաները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այսօր շարունակում է երթը դեպի Երևան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քանի դեռ սահմանն Ադրբեջանի հետ սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան