Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով շարժվում են դեպի Երևան: Նախատեսում են մայիսի 9-ին արդեն հասնել Երևան ու մեծ ակցիաների շնորհիվ հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի», - ասաց Տավուշի թեմի առաջնորդը և նշեց. - «տեղ կա ոտքով կգնան, տեղ կա ավտոբուսով կգնանք, թեթ մետրոն աշխատեց մետրո կնստենք, մեքենայով կգնանք, կպառկենք, կքնեն, մի 3 մ հետ կգանք, մի 6 մ առաջ կգնանք, ինչպես ուզենք այնպես էլ կգնանք: Էս շարժումը բնականից է առաջացել, բնական էլ գնում է»:

«Ազատության» հարցին՝ արդյոք դա հնարավոր են համարում այն դեպքում, երբ ակցիաներին զուգահեռ տեղի է ունենում սահմանազատման և ականազերծման գործընթացը, պատասխանեց՝ «այո, կկանգնեցնենք»՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է դա տեղի ունենալու

Նա ընդգծեց՝ եթե «սահմանագծման, սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների ու սկզբունքների վրա»:

«Այս գործընթացը պետք է դադարեցվի, մեր պահանջը շատ հստակ է», - նշեց Բագրատ Սրբազանը:

Քաղաքական ուժերից երթին մասնակցում են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև «Ժողովրդական համախմբում» կուսակցություն առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, որոնք արդեն օրեր շարունակ նաև թեմի առաջնորդի հետ են, Կիրանցում մասնակցել են բոլոր ակցիաներին:

Կիրանց գյուղում այսօր իրավիճակը հանգիստ է: Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ՝ դեպի Խեյրիմլի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում
  • Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է նախօրեին՝ ժամը 19։00-ի սահմաններում:
  • Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները երեկ՝ վաղ առավոտից հատուկ ռեժիմ էին այստեղ սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա. Կիրանց մտնել ցանկացող քաղաքացիները ճանապարհին պարտավոր էին ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։
  • Ներքին գործերի նախարարությունը երեկ հայտնեց, որ Պաշտպանության նախարարությունը պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հայտարարել էր, որ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։ Առաջիկա օրերին կսկսեն այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրեն։
  • Նախքան ոստիկանական գործողությունները Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ բողոքի ակցիաներ էին անում, վրաններ էին տեղադրված։ Նրանք համոզմունք էին հայտնում, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։
  • Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Իրավիճակը Կիրանցում՝ ներսից