Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր, բերետավորներ: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ՝ դեպի Խեյրիմլի:
Գյուղացիներն, ըստ էության, մուտք չունեն իրենց հողամասեր, որոնց համար ունեն դեռ 20 տարի առաջ ստացած սեփականության վկայականներ: Երեկ բնակիչներից մեկին Կարինե Ափինյանին արգելել են մոտենալ իր այգուն, սակայն այսօր որոշ ճշտումներից հետո ԱԱԾ ծառայողները նրա ամուսնուն՝ Ռաֆիկ Ափինյանին թույլատրեցին ճանապարհն արգելափակող մեքենաների արանքով մուտք գործել այգի:
«Ազատության» հարցին, թե ի՞նչ գործողություններ են իրականացնում Կիրանցի տարածքում այսօր իրավապահները, ոստիկանները չպատասխանեցին: Ասացին, որ կանխում են ճանապարհների հնարավոր փակումը ցուցարարների կողմից՝ նշելով, եթե նման փորձ արվի, նրանք կկանխեն այդ գործողությունները, եթե անգամ անհրաժեշտ լինի ուժ գործադրել:
Ոստիկանությունը պնդում էր, թե անվտանգ ականազերծման համար էր գրեթե երկու օր փակ պահում Կիրանցը, մինչ այդ սակայն, ուժայինները մայիսի 2-ի լուսաբացին բերման էին ենթարկել գյուղի սկզբնամասում օրուգիշեր հերթապահող 30 քաղաքացու ու ազատել տարածքը:
Գյուղում այսօր իրավիճակը հանգիստ է: Ոստիկանական ուժերը տեղակայվել են Նոյեմբերյանի կողմից գյուղի սկզբնամասում, ճանապարհն անցանելի է, որևէ փակ հատված չկա, նաև մի խումբ փոքրաթիվ տեղացիներ են հավաքված: Ընդդիմությունը և հոգևորականները, որոնք օրեր շարունակ եղել են այդ հատվածում, դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել, նախատեսվում է, որ այսօր հանդիպում կունենան գյուղացիների հետ և կհայտնեն իրենց առաջիկա ծրագրերի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցի բնակիչը նախկին սահմանը հիշում է, բայց չի հիշում, որ տները եղած լինեն ադրբեջանական կողմում- Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է նախօրեին՝ ժամը 19։00-ի սահմաններում:
- Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները երեկ՝ վաղ առավոտից հատուկ ռեժիմ էին այստեղ սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա. Կիրանց մտնել ցանկացող քաղաքացիները ճանապարհին պարտավոր էին ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։
- Ներքին գործերի նախարարությունը երեկ հայտնեց, որ Պաշտպանության նախարարությունը պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հայտարարել էր, որ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։ Առաջիկա օրերին կսկսեն այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրեն։
- Նախքան ոստիկանական գործողությունները Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ բողոքի ակցիաներ էին անում, վրաններ էին տեղադրված։ Նրանք համոզմունք էին հայտնում, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոնց որ արգելանոցում լինենք». Կիրանցի բնակիչներ