«Ոնց որ արգելանոցում լինենք». Կիրանցի բնակիչներ

Կիրանցում, 3-ը մայիսի, 2024թ․

Երկրորդ օրն է՝ Կիրանցի բնակիչները փաստացի մեկուսացման մեջ են, այսօր ևս ոստիկանությունը հերթափոխով հսկում է գյուղի մուտքը։ Այստեղ նաև սևբերետավորներ կան։ Կիրանց չհասած՝ անցակետ է դրված, հենց դրա մոտ էլ ոստիկանները հսկողություն են իրականացնում։

Այսօր գյուղ քննիչներ են ժամանել, որոնք ասում էին, թե քննչական գործողություններ են իրականացնում Կիրանցում։ Նրանք առգրավեցին հենց բողոքի գործողությունների վայրում՝ Կիրանցի սկզբնամասում գտնվող խանութի տեսախցիկը, ընդ որում՝ խանութի սեփականատերը տարակուսած էր, թե ինչու են հենց տեսախցիկը տանում, այլ ոչ թե կրիչը։

Երեկվա ոստիկանական գործողությունից հետո, երբ Կիրանցի սկզբնամասում հերթապահող 30 տղամարդ բերման ենթարկվեց, համացանցում անձայն կադրեր տարածվեցին, որոնք արձանագրել էր այդ խանութի տեսախցիկը։ Բայց քննիչներն այսօր պնդում էին, թե իրենց քննչական գործողությունները վերաբերում են ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանության ու ցուցարարների միջև քաշքշուկ էր սկսվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ազատ արձակվածները վերադարձան Կիրանց. ճանապարհը փակ է մնում այդ թվում պատգամավորների, Տավուշի թեմի առաջնորդի համար (թարմացված)«Էկել են ավտոբուսներից իջել ու հարձակվել». Կիրանցի ճանապարհը փակողներին ոստիկանությունը բերման ենթարկեցԲախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում

Գյուղ է ժամանել փաստաբան Արսեն Բաբայանը, որը ապրիլի 26-ի միջադեպի ժամանակ տուժող ճանաչված երկու կանանց ներկայացուցիչն է։

«Հիվանդանոցից ստացել էին հաղորդում, դրա առիթվ նախաձեռնել էին վարույթ, դրա շրջանակներում քննիչն անհրաժեշտություն էր տեսել տեսախցիկի ձայնագրության առգրավում անել», - ասաց նա՝ հավելելով, թե հարց է առաջանում՝ ինչու հիշողության քարտը չեն տանում, այլ հենց տեսախցիկը։

Բաբայանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ տեսախցիկը շուտով կվերադարձնեն, սակայն քիչ ժամ անց դեռ այն հետ չէր բերվել։

Երեկվանից գյուղի մուտքն ու ելքը փաստաթղթով է, այսինքն՝ մարդիկ ստիպված են ոստիկաններին անձնագիր ցույց տալ, որպեսզի ապացուցեն, որ Կիրանցի բնակիչ են։

Ոստիկանությունը պատճառաբանում է, թե ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղի մոտակայքում ընթացող ականազերծման աշխատանքների ընթացքում։

Ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Խեյրիմլիի հետ սահմանազատմանն ընդառաջ, գյուղից տեսանելի չեն, ականազերծողներին ո՛չ երեկ, ո՛չ այսօր Կիրանցում տեսնող չի եղել։

Պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդեց՝ ժամը 18:20-ին Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Սակայն, պայթյունի ձայներ տեղում չեն լսվել։

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր գյուղացիները հավաքվում են Կիրանցի սկզբնամասում, քննարկում սահմանազատումը, որը բնակիչների կարծիքով իրենց խոցելի է դարձնում, ավելին՝ չի բացառվում, որ սովետական Կիրանցից էլ որոշ տարածքներ անցնեն Ադրբեջանին։

«Երեկվանից բլոկադան սկսվել է։ Ոչ մի լուրջ տեղեկության չենք տիրապետում, գիտենք, որ ականազերծման գործողությունները գնում են», - ասացին բնակիչները՝ հավելելով, որ սա իրենց վրա առաջին հերթին հոգեբանորեն շատ վատ է ազդում. - «Ոնց որ արգելանոցում լինենք։ Այստեղ ի՞նչ է կատարվում, սպեցիալնի վաեննի օպերացիա՞»։

«Մարդիկ ուզում են տանեն արտովայր, խոչընդոտ է հանդիսանում, ուզում են հարևան գյուղ գնան, կամ ջուր ունենամ, խոչընդոտ է։ Սա դեռ սկիզբն է, բայց ի՞նչ իմանանք՝ քանի օր կձգվի, հետագայում արդեն տնտեսապես թե ոնց կազդի, կերևա հետո», - ասաց մեկ այլ կիրանցեցի։

Գարիկ Ազիբեկյան, Կիրանցից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կա արդյոք Կիրանցը փակ պահելու իրավական հիմք Կիրանցի մուտքը շարունակում է փակ մնալ. Բագրատ սրբազանին կրկին արգելվեց մտնել գյուղ