Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ոստիկանությունը հատուկ գործողություններ չի իրականացրել Տավուշի մարզում:
«Մամուլում ապատեղեկություն է տարածվում, թե իբր ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՆԳՆ հայտարարությունում:
Ըստ գերատեսչության՝ Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ, և դրանց շրջանակում՝ «քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար»:
Ներքին գործերի նախարարությունը նշում է նաև, որ «ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ, որոնք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել»։
Նշենք, որ առավոտյան «Ազատության» հարցին ի պատասխան որպես «ոստիկանության գնդապետ Խաչատրյան» ներկայացած քաղաքացիական հագուստով պաշտոնյան էր հայտնել, որ տվյալ տարածքում «հատուկ գործողություններ են կատարվում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատ արձակվածները վերադարձան Կիրանց. ճանապարհը փակ է մնում այդ թվում պատգամավորների, Տավուշի թեմի առաջնորդի համար (թարմացված)