Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է իր երկրի տարածքում բանակցություններ անցկացնելու՝ Բաքվի և Երևանի համաձայնությունը։ Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում այսօր տեղադրված հայտարարության մեջ։
«Ողջունում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնություն են տվել ղազախական կողմի՝ խաղաղության պայմանագրի մշակմանը նվիրված ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Խորհրդանշական է, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991-ի դեկտեմբերին ստորագրվել է Ալմա-Աթայի պատմական հռչակագիրը, որով ամրագրվել են ԱՊՀ երկրների անկախ զարգացման և միջպետական սահմանների հստակեցման հիմքերը», - հայտարարել է Տոկաևը։
Երևանում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ պատրաստ են կողմերին բանակցային հարթակ տրամադրել։ Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ կողմ են Ղազախստանում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Հանդիպման օրը, սակայն, դեռ չեն հստակեցնում։
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ բանակցել են փետրվարին՝ Բեռլինում։ Շոշափելի առաջընթացի մասին, սակայն, կողմերը չէին հաղորդել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում