Հայաստանը պատրաստ է ժամանակավորապես հյուրընկալել Իսրայելի ու «Համաս»-ի պատերազմի գոտում գտնվող ձեռագրերը: Այս մասին է ասել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում:
«Մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի», - նշել է նա:
Միրզոյանը նաև հայտարարել է, որ Երևանը միանշանակ դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորմանը: «Մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը», - ընդգծել է նա, նկատի ունենալով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը լքած հայերին:
Միրզոյանն ընդգծել է նաև, որ Հայաստանն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։
Հայաստանը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ ՀՀ կառավարությունը տրամադրել է մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել ԳազաԻրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34 հազարը, վիրավորների թիվը մոտեցել է 75 հազարի:
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: