Տաջիկստանը բողոքում է Ռուսաստանում իր քաղաքացիների հանդեպ վերաբերմունքից

Տաջիկստանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Այսօր Տաջիկստանի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանը, որին բողոք է ներկայացվել Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիների հանդեպ անարդար վերաբերմունքի կապակցությամբ։ Հանդիպմանը նշվել է, որ Տաջիկստանի քաղաքացիների հանդեպ միտումնավոր բացասական վերաբերմունքի մասնավոր դեպքերը լուրջ մտահոգիչ են։

Նախօրեին Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Տաջիկստանի շուրջ 1000 քաղաքացիների չի թույլատրվում մուտք գործել Ռուսաստան՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նրանց պահում են հակասանիտարական պայմաններում։ Տաջիկստանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունում նաև նշված է, որ 27 տաջիկ արտաքսվել է Ռուսաստանից, ևս ավելի քան 300-ն ընդգրկված են արտաքսման ենթակա ցուցակներում։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ սահմանների հսկողությունը ժամանակավորապես խստացվել է, որպես ահաբեկչություն կանխելու միջոցառում, բայց քայլեր են ձեռնարկվում երկար ձգձգումների խնդիրները լուծելու համար։

Տաջիկստանը Մոսկվայի գլխավորած անվտանգային և տնտեսական համագործակցության կառույցների անդամ է և իր տարածքում ռուսական ռազմակայան ունի։

Մարտի 22-ի Մոսկվայի «Կրոկուս Սիթի»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ կապված ձերբակալվածների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։