Գլխավոր դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման պահանջով 71 հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որոնցից երեքը այսօր խորհրդարանում ներկայացրեց դատախազ Աննա Վարդապետյանը։
Այսպես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձից պահանջվում է վերադարձնել 25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 մլն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 մլրդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 մլրդ դրամ։
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի շուրջ 200 միավոր անշարժ գույքի բռնագանձման պահանջ է դրվել, դրանցից 56-ը, ըստ դատախազի, Երևանի կենտրոնում են:
Ֆինանսների նախկին նախարար Խաչատրյանին պահանջվում է բռնագանձել 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 միլիոն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 միլիոն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 միլիարդ դրամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք 349 միլիոն դրամի չափով, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33,5 միլիոն դրամ։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 10 անշարժ գույքի շուկայական արժեք, 39 իրավաբանական անձում բաժնեմաս ու բաժնետոմս, ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափ ավելի քան 16,8 միլիարդ դրամին համարժեք ու ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ։