Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում, «Ազատության» հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց ԱԳՆ խոսնակը։
Հանդիպման օրը, սակայն, ԱԳՆ-ից չեն հստակեցնում։
Երևանն ավելի վաղ հայտնել էր՝ համաձայն է Ղազախստանում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Աստանայում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին հրապարակային խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Իսկ դրան նախորդել էր Ղազախստանի նախագահի այցը Հայաստան։ Երևանում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ պատրաստ են կողմերին բանակցային հարթակ տրամադրել։
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ բանակցել են փետրվարին՝ Բեռլինում։ Շոշափելի առաջընթացի մասին, սակայն, կողմերը չէին հաղորդել: