Ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքների համար մեղադրվող ևս երկու անձ կալանավորվել է

Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Ապրիլի 21-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու գործով խուլիգանական արարքների կատարման համար 4 մեղադրվողներից ևս երկուսը կալանավորվել են, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ավելի վաղ կալանավորվել էր նրանցից ևս մեկը՝ «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը։

Ըստ քննչականի՝ նա խոչընդոտել է փակված փողոցում ԵԿՄ-ի «Ուազ»-ի տեղաշարժը:

Քննչականի այսօրվա հաղորդագրության մեջ նշվում է՝ Այրում բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարած «ՈՒԱԶ» ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը։

«Անտեսելով ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ առերևույթ խուլիգանական արարքները դադարեցնելու մասին պահանջները՝ նշված անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը», - նշում է իրավապահ կառույցը:

Իր հերթին, «Մարտական եղբայրություն»-ից ավելի վաղ պնդել են՝ սա քաղաքական հետապնդում է, իրենք Տավուշ էին մեկնել տեղաբնակների խնդրանքով նրանց սատարելու և մասնակցել են խաղաղ ակցիայի։ Կազմակերպության անդամները պնդում են, որ իրավապահները պետք է սլաքներն ուղղեն Երկրապահ կամավորականների անդամների ուղղությամբ, որոնք, նրանց փոխանցմամբ, «սադրել, ահաբեկել են խաղաղ ցուցարարներին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մարտական եղբայրության» 6 անդամներն ազատ են արձակվել․ ՔԿ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանապարհը փակած 5 քաղաքացի ձերբակալված է, մեկ հոգի հոսպիտալացվել է