Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ Ալ Թանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Միրզոյանն ընդգծել է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի համաձայնեցման և սահմանազատման գործընթացում առաջ ընթանալու կարևորությունը։
Նախորդ շաբաթ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Մինչ այժմ հայտարարվել է Հայաստան - Ադրբեջան սահմանին ընդհանուր թվով 28 սահմանային սյան տեղադրման մասին
Միրզոյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Դոհա։ Կատարի վարչապետի հետ նրանք քննարկել են նաև երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները՝ որպես Ծոցի երկրների և Սև ծովի միջև ենթակառուցվածքների զարգացման լավ հնարավորություն։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառության վկայությունն է՝ միտված Հարավային Կովկասում տնտեսական զարգացման միջոցով կայուն խաղաղության հասնելուն։