Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետ

Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ, հստակեցումներ պետք է արվեն, տեղում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«Ազատության» հարցին, թե ինչ է լինելու այս հատվածի՝ քարտեզով ադրբեջանական կողմին անցնող տների ճակատագիրը, ի՞նչ է սպավում Կիրանց գյուղին, Հայկ Ղալումյանը պատասխանեց, որ դեռ ճշգրտումների կարիք կա, սահմանագիծը հաստ է, և պետք է հասկանան՝ կոնկրետ կետերը որտեղ են լինելու։ Մարզպետն ասաց նաև, թե չգիտի՝ որտեղ են տեղադրված սահմանասյուները։

«Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ, որ էս մարդկանց ասենք՝ եղբա՛յր, այս խանութը, որ ունես, մեր հատվածում է, թե իրենց։ 91 թվականից առաջ գոյություն ունեցող քարտեզով... բայց այնտեղ էլ բավականին խնդիրներ կան, որովհետև այդ գիծն ինքն իրենից որոշակի տարածք է ենթադրում։ Պետք է տեղորոշվի տեղում», - ասաց նա՝ հավելելով, որ չունի տեղեկություն, որ կամուրջն անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ են

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։