ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել: Սպիտակ տան մամուլի վարչության փոխանցմամբ, այդ մասին նախագահն ասել է ամերիկացի անվանի ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնի հետ զրույցում:
«Ուրախ կլինեմ, որ նրա հետ ինչ-որ տեղ բանավիճեմ, չգիտեմ՝ երբ», - ասել է Միացյալ Նահանգների դեմոկրատական նախագահը:
Հանրապետական Թրամփն ապրիլի 23-ին Action News-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ցանկացած պահի բանավիճել Բայդենի հետ։
Ավելի վաղ ամերիկյան առաջատար հեռուստաընկերություններն այդ թվում՝ ABC-ն, CBS-ը, CNN-ը, NBC-ն և Fox News-ը, կոչ են գործող և նախկին նախագահներին մասնակցել հեռուստաբանավեճերին նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։
Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով քվեներ ԱՄՆ նախագահի 2024 թվականի ընտրություններում հանրապետական թեկնածու դառնալու համար։
Երկրորդ անգամ առաջադրվող Բայդենը նույնպես իր կուսակիցների աջակցությունն է ստացել: Այսպիսով, 2024 թվականի նոյեմբերի 5-ին նախատեսվում է պայքար 2020 թվականի նախագահական ընտրությունների նույն թեկնածուների միջև: