Երևանը համաձայն է Ղազախստանում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Աստանայում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին չորս օր առաջ հրապարակային խոսել էր Իլհամ Ալիևը, ասել՝ Ադրբեջանը կողմ է, սպասում են Հայաստանի արձագանքին:
Արտաքին գերատեսչությունից այսօր արդեն հայտարարեցին՝ ղազախական կողմի առաջարկով նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվելուն պես:
«Հայաստանը դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին», - նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Աստանայում ակնկալվող այս հանդիպումից երկու շաբաթ առաջ Հայաստանում էր Ղազախստանի նախագահը, ավելի վաղ՝ նաև այդ երկրի արտգործնախարարը: Երևանում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ պատրաստ են կողմերին բանակցային հարթակ տրամադրել։ Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ բանակցել են փետրվարին Բեռլինում, շոշափելի առաջընթացի մասին, սակայն, կողմերը չէին հաղորդել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ ՏոկաևԸստ վերլուծաբանի՝ այս բանակցություններից դրական ակնկալիքներ դժվար է ունենալ
Ղազախական հարթակում բանակցություններից դրական ակնկալիքներ դժվար է ունենալ, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական երկկողմ շփումներում Բաքուն շարունակելու է խոսել ուժի դիրքերից:
«Կարծում եմ՝ այդ իրավիճակն այդուհանդերձ ունի աշխարհաքաղաքական շահառուներ: Այլ հարց է, որ որևէ մեկը չի ուզում ֆորմալ իր դեմքով պատասխանատվություն ստանձնել այդ տրամաբանությամբ գործընթացի համար: Իսկ այլ՝ արդեն հավասարակշռված գործընթաց իրականացնելու համար այստեղ կան մի շարք այլ բարդություններ, աշխարհաքաղաքական մրցակցություն, պայքար և այլն ու նաև Ադրբեջանին այդ ուժի գործոնից հրաժարվելու հարցում ճնշում բանեցնելու մեղմ ասած ոչ նպատակահարմարություն», - ասաց Բադալյանը:
Որ Բաքուն բանակցությունների սեղանի շուրջ սպառնալիքով է առաջնորդվում նաև հայաստանցի պաշտոնյաներն են խոստովանում, նկատում է մեկնաբանը։ Ինքը՝ Ալիևը համարում է, որ արդյունավետ են Երևան-Բաքու առանձին շփումները:
«Ադրբեջանը շարունակելու է այնքան, քանի դեռ տեսնում է, որ դա թույլ է տալիս ուժերի բալանսը և դա թույլ է տալիս միջազգային իրավիճակը: Այս երկու առանցքային հանգամանքներն են ու նաև տեսնում է, որ Երևանն էլ մեծ հաշվով դա թույլ է տալիս», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:
Որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի նախագահը նախապայման ունի՝ պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, Արարատ լեռը որպես խորհրդանիշ չօգտագործվի և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է»«Հիմա հնարավորություն կա՞, տարբերակ կա՞ չընդունել այդ կանոնները, ես ամենևին կողմնակից չեմ այն մոտեցման, որ՝ չէ, այլընտրանք չկա, այն, ինչ անում ենք, դա միակ տարբերակն է: Էսպես մտածելով մենք ինքներս մեր դրությունն ավելի բարդացնելու ենք, հետևաբար պետք է փնտրել այլ տարբերակներ, իսկ եթե չկան այլ տարբերակներ, գուցե պետք է պարզապես մտածել այն իրականացնողներ գտնելու մասին», - ասաց Հակոբ Բադալյանը:
Եթե Բաքվի պատկերացրած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վարչապետ Փաշինյանն ու իր թիմը համարում են կարմիր գիծ, ապա մայր օրենքի և խորհրդանիշների փոփոխությունը չեն բացառում, միաժամանակ պնդում, թե դա Հայաստանի ներքին հարցն է։
Երևանը Բաքվի հետ խաղաղության հասնելու համար ակնկալում է համաձայնեցնել երկու հիմնական հարց: Ճանապարհների ապաշրջափակում ինքնիշխանության հարգմամբ, ինչպես նաև՝ տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատում՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա:
«Ազատությանը» Արտգործնախարարությունից փոխանցեցին՝ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները: Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է: Կա՞ արդյոք այս կետերի շուրջ առաջընթաց, հայտնի չէ:
Եթե սահմանազատման հարցում Բաքուն կողմ է Ալմաթիի հռչակագրին, կհաջողվի՞ այն ամրագրել նաև խաղաղության պայմանագրում: Հարցի պատասխանը արտգործնախարարի ու վարչապետի հետ ժամեր առաջ հանդիպած իշխանական պատգամավորներից ստանալ այդպես էլ չհաջողվեց։ Նրանք հիմնականում հրաժարվում էին մեկնաբանություն տալ: