Բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր» ընկերությունը դարձել է Հայաստանի թիվ մեկ հարկատուն։ Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապվող ընկերությունն անցած 3 ամիսներին շուրջ 20 մլրդ դրամ հարկ է մուծել՝ 2023-ի համեմատ գրեթե երեքուկես անգամ ավելի։
Ինչպե՞ս «Մոբայլ Սենթր»-ը դարձավ առաջին հարկատուն, տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է՝ ընկերությունը նման հարկային ցուցանիշի հասել է հիմնականում դեպի Ռուսաստան արտահանումների շնորհիվ։
«Այստեղ բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն հեռախոսները, տարբեր սարքավորումները և այլն, որոնք ներկայումս գտնվում են պատժամիջոցների տակ և Ռուսաստանը չի կարողանում այդ ապրանքներն ուղղակի ձեռք բերել և «Մոբայլ Սենթր»-ը դարձել է այդ վերաարտահանող ընկերություններից մեկը», - ասաց Պարսյանը:
Հարկատուների ցանկում առաջատար դիրքեր գրավող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը այս երեք ամիսներին գրեթե չեն տարբերվում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հունվար - մարտ կոմբինատը գրեթե 15.5 միլիարդ դրամ է վճարել։
«Պայմանավորված է մետաղի գների նվազմամբ համաշխարհային շուկայում և նաև անցած տարի որոշակի լրացուցիչ հարկային մուտքեր են եղել՝ պայմանավորված հարկային ստուգումներով և այլն», - նշեց տնտեսագետը:
Ըստ տնտեսագետի՝ այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում մեծացել է առցանց գնումների թիվը
Հարկատուների տասնյակում հայտնվել է նաև ռուսական «Վայլդբերիս» առցանց խանութը։ Ընկերությունն անցած երեք ամիսներին ավելի քան 4 մլրդ դրամ է մուծել։ Հայաստանցիներն առցանց այս խանութից գնում են խնամքի միջոցներից մինչև մակարոնեղեն, գրքեր, հագուստ:
Տնտեսագետն ասում է՝ այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում մեծացել է առցանց գնումների թիվը. - «Երբ խոսում ենք տարբեր օնլայն հարթակների վճարած հարկերի մասին, պետք է խոսենք դա ի հաշիվ տեղական արտադրության է նաև եղել: Այսինքն տեղական արտադրողներին դուրս են թողել շուկայից, քանի որ ներկրվող ապրանքները տարբեր հարթակների միջոցով կամ կազմակերպությունների միջոցով ավելի էժան և մատչելի է հայ սպառողի համար»:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը լավատես չէ տնտեսական ցուցանիշներից ու հարկային մուտքերից, հակառակը՝ մտահոգիչ է համարում իրավիճակը. - «Բավականին մտահոգիչ իրավիճակ ունենք, ստացվում է, որ տնտեսական աճ կա, առկա է մուտքերի աճ, բայց դրանց որակն ու դրանց բաշխվածությունը բավականին մտահոգիչ է»:
Ըստ տնտեսագետի՝ բարձր թվերը արտաքին գործոնների արդյունք են ու ժամանակավոր բնույթ են կրում։ Պնդում է՝ արտաքին գործոնների վերացման կամ թուլացման դեպքում Հայաստանում լուրջ ճգնաժամ է ստեղծվելու։