Ուկրաինան և Ռուսաստանը Դոհայում բանակցել են երեխաներին վերադարձնելու հարցով

Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները Քաթարի միջնորդությամբ Դոհայում բանակցել են պատերազմի հետևանքով բռնի տեղահանված երեխաներին վերադարձնելու հարցով։

Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան ասել է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության, Ռուսաստանից 29 երեխա կտեղափոխվի Ուկրաինա, իսկ 19 երեխա կտեղափոխվի Ռուսաստան։ Նա նշել է, որ ցուցակները արդեն կազմվել են։ Այդ մասին հաղորդում է ռուսական պետական «Ռիա-Նովոստի» գործակալությունը։

Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանի ներխուժումից ի վեր օկուպացված տարածքներից 19 հազար երեխա է դուրս հանվել Ռուսաստան։

2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել նրանց պատասխանատու համարելով Ուկրաինայից երեխաներին Ռուսաստան տեղափոխելու պատերազմական հանցագործության համար։ Մոսկվան Հաագայի դատարանի իրավասությունը չի ճանաչում, բայց Պուտինը և Լվովա-Բելովան կարող են ձերբակալվել Հռոմի ստատուտին միացած երկրներում։