Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել, ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Սա կարևոր կետ է, և պատահական չէ, որ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային շատ երկրներ իրենց աջակցությունն են հայտնել դրան», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ նախ շեշտելով, թե Երևանն ու Բաքուն հարցին կառուցողական են մոտեցել։
«Մենք կտեսնենք, թե ինչպես կշարունակվի այս գործընթացը։ Երկու կողմերն էլ հասկանում են այս հարցի զգայունությունը և միևնույն ժամանակ հավատարմությունը միջազգային իրավունքին։ Կարծում եմ, եթե հետագա փուլերում նույն մոտեցումը կիրառվի, մենք կկարողանանք ավելի արագ առաջ շարժվել», - ասել է Ալիևը։
Իհարկե, սահմանը պետք է սահմանազատել հավատարիմ մնալով սկզբունքներին, սակայան սահմանին հատվածներ կան, որոնք խնդիրներ են ստեղծում երկու կողմերի համար էլ, ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ խոսքը ճանապարհների, երբեմն անվտանգության խնդիրների ու միմյանց տարածքի խորության տեսանելիության մասին է։
«Այսպիսով՝ հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ։ Մենք չպետք է մեկ կոնկրետ գիծ բռնենք ու կույր կատվի նման հետևենք դրան։ Ո՛չ, մենք հիմք ենք ընդունում այս սահմանագիծը, բայց պետք է խելամիտ լինենք և պայմանավորվենք այնպիսի սահմանի շուրջ, որը կլինի անվտանգ և հարմար երկու կողմերի համար էլ», - ասել է Իլհամ Ալիևը։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը