96 բերման ենթարկված. ԱԺԲ-ից պնդում են՝ «իրենց անդամներին բռնության են ենթարկել»

«Ազգային ժողովրդավարական բևեռի» երևանյան երթի ժամանակ «ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառել»՝ նրանց բերման ենթարկելով, հաղորդում է բևեռի անդամ Հերմինե Մկրտչյանը։

Նրա փոխանցմամբ՝ բերման են ենթարկել նաև խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հերմինե Մկրտչյանը հայտարարեց, որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ։

Ներքին գործերի նախարարությունից ավելի ուշ «Ազատություն»-ը հայտնեցին, որ ակցիայի 96 մասնակից է տարվել ոստիկանություն՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

ՆԳՆ-ից, սակայն, չեն արձագանքում բևեռի՝ իրենց բռնության ենթարկելու մասին հայտարարություններին։

Այսօր Ազատության հրապարակում ԱԺԲ-ի հրավիրած հանրահավաքը վարչապետի հեռացման կոչով էր։

«Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամների մասնակցությամբ այսօր միջադեպ էր եղել Ծիծեռնակաբերդում։ Բևեռի մի շարք անդամներ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հուշահամալիրում վանկարկումներով էին դիմավորել։